Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ընդունել է իր սխալներն ու կոչ է արել չկրկնել դրանք

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարը կարծում է` իշխող կուսակցության հիմնական խնդիրը քաղաքական գործընթացների մենաշնորհացումն էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Հայաստանի իշխող կուսակցությունն ընդունել է իր սխալն ու կոչ է անում ցուցարարներին` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, չկրկնել այն։ Այսօր մամուլի ասուլիս ժամանակ նման կարծիք է հայտնել արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը։

«Հանրապետական կուսակցությունը գիտակցում է` ճգնաժամի պատճառն այն է, որ մեկ կուսակցությունը մենաշնորհել էր քաղաքական գործընթացները։ Մենք հիմա չպետք է մի մենաշնորհից մյուսին անցնենք։ Պետք է քաղաքական գործընթաց լինի, անհրաժեշտ է քաղաքական խորհրդատվությունների միջով առաջ գնալ», — ասել է Հարությունյանը։

Ռուսաստանը և մյուս պետությունները չեն միջամտում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին

Նրա խոսքով` ՀՀԿ-ի հիմնական խնդիրն այն էր, որ կուսակցությունը չէր հասկանում` որքան վտանգավոր է մենաշնորհի ենթարկել քաղաքական գործընթացները։

«Դա հիմնական սխալն է, որը մենք ընդունում ենք։ Սակայն ընդունելով սխալը` չպետք է թույլ տանք, որ նույն սխալը կրկնվի», — ընդգծել է նախարարի պաշտոնակատարը։

Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։