ՀՅԴ-ն կպաշտպանի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

ՀՅԴ ԳՄ-ն համաձայնվել է քվեարկել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի օգտին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Մայիսի 1-ին՝ ԱԺ-ում վարչապետի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ, ՀՅԴ-ն ամենայն հավանականությամբ կպաշտպանի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ ՀՀ վարչապետի պաշտոնում։

Այդ մասին yerkirmedia.am-ի զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ պատասխանելով հարցին, թե ում ինկատի ունի ՀՅԴ ԳՄ-ն՝ երեկ տարածած իր հայտարարությունում՝ առաջարկելով «համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ»։

Գագիկ Ծառուկյանը որոշել է սատարել ՀՀ վարչապետի ժողովրդական թեկնածուին

Հիշեցնենք, որ Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ  ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։

Հաջորդիվ «Իմ քայլը» նախաձեռնությունը պայքարում էր, որ իշխող ՀՀԿ–ն չառաջադրի վարչապետի իր թեկնածուին։ Ապրիլի 25–ից նրանք կրկին բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են անցկանում ոչ միայն Երևանում, նաև` ՀՀ այլ քաղաքներում։

Ապրիլի 28–ին ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ խմբակցությունը վարչապետի իր թեկնածուն չի առաջադրի` երկիրը հետագա ցնցումներից զերծ պահելու համար։

Ժողովրդի թեկնածուին պաշտպանելու հայտարարությամբ ապրիլի 28–ին հանդես եկավ նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։