Նիկոլ Փաշինյանը գիտի` ինչ կանի, եթե վարչապետ ընտրվի ՀՀԿ–ի թեկնածուն

Փաշինյանը հայտարարեց, որ իրենք հետքայլ չեն անելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Եթե ՀՀ վարչապետ ընտրվի լինի ՀՀԿ ներկայացուցիչը, իրավիճակը չի փոխվի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ընդդիմության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ իրենք չեն ընդունի այդ որոշումը ու կշարունակեն պայքարը։

Փաշինյանը չթողեց, որ Կարեն Կարապետյանի աթոռը դատարկ մնա

«Մայիսի 1-ին կանխորոշում եմ 100 հազարավոր քաղաքացիներ Երևանի փողոցներում»,- ասաց Փաշինյանը, եթե լինի ժողովրդական ճնշում, հանրապետականները հաշվի կնստեն դրա հետ»։

Ուստի Փաշինյանը կոչ արեց գալ Երևան ու հեղեղել հատկապես ԱԺ հարակից փողոցները։

«Շատերը հիմա հարցը փորձում են ներկայացնել «ով լինի վարչապետ» կոնտեքստով։ Հարցն այդ չէ, այլ այն, թե մենք հաղթահարելու ենք ճգնաժամը, թե ոչ։ Եթե ՀՀԿ-ն չի ուզում լուծել ճգնաժամը, ապա ճգնաժամը կխորանա»,- ասաց Փաշինյանը` հայտարարելով, որ իրենք հետքայլ չեն անելու։

Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության անդամների` իրենց միանալու մասին տեղեկություններին, Փաշինյանն ասաց, որ եթե այդպիսիք լինեին, նրանց անունները հայտնի կլինեին։ Իսկ ՀՀԿ ղեկավարության հետ Փաշինյանը չի հանդիպել և քննարկում չի ունեցել։

Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները Փաշինյանն «անլուրջ» որակեց և հրաժարվեց մեկնաբանել։