ՀՀԿ–ն չի ուզում, որ Ալիևն ու Էրդողանն ուղիղ եթերով դիտեն Փաշինյան–Կարապետյան հանդիպումը

Փաշինյանի նոր նախապայմանը` ուղիղ եթերը, ՀՀԿ–ի համար անընդունելի է։ Բանակցությունների տապալման պատճառը դարձյալ նախապայմանն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Ընդդիմություն–իշխանություն բանակցությունների տապալման պատճառն ուղիղ եթերի նախապայմանն է։ Մեկնաբանելով արդեն երկրորդ անգամ չեղարկված բանակցությունները` լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ–ի համար, Շարմազանովի խոսքով, անընդունելի է, որ իշխանությունն ու ընդդիմությունն ուղիղ եթերում խոսեն Հայաստանի ապագայի, ներքաղաքական ճգնաժամի, Հայաստանի արտաքին մարտահրավերների մասին, երբ նրանց դիտում են ոչ միայն ՀՀ քաղաքացիներն ու սփյուռքի հայերը, այլև ադրբեջանցիներն ու թուրքերը։

Ռիժկովը Հայաստանի քաղաքական ուժերին կառուցողական երկխոսության կոչ է արել

«Դուք ինչպե՞ս եք պատկերացնում` ուղիղ եթերում ընթանում են բանակցություններ, հազար ու մի կարևոր հարցերից պետք է խոսեն, և Ալիևն ու Էրդողանն ուղիղ եթերում նայում են»,– ասաց նա։

ՀՀԿ խոսնակը վերահաստատեց դեռևս առաջին բանակցային հանդիպման չեղարկումից հետ արված հայտարարությունը` բանակցությունները պետք է անցկացվեն բաց օրակարգով և առանց նախապայմանների։

«Ո՛չ ՀՀԿ–ն` ի դեմս Կարեն Կարապետյանի, ո՛չ Նիկոլ Փաշինյանը` ի դեմս մեր սիրելի ցուցարարների, չպետք է դնեն նախապայմաններ ու չկա հարց, որ չպետք է քննարկվի,– ասել է Շարմազանովը,– բայց ափսոսանքով պետք է նշեմ` մեր խորհրդարանական գործընկեր Փաշինյանը ևս մեկ անգամ հանդես եկավ նախապայմանով` այս անգամ արդեն` ուղիղ եթեր` տեսախցիկներով»։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 12։00–ին Նիկոլ Փաշինյանը հանդիպման ու բանակցությունների էր հրավիրել Կարեն Կարապետյանին։ Վերջինը, սակայն մերժել էր` հրաժարվելով բանակցել լրագրողների ներկայությամբ։

Չկայացած հանդիպման փոխարեն, Նիկոլ Փաշինյանը հանդիպեց լրագրողներին ու պատասխանեց նրանց հարցերին։

Ավելի վաղ Կարեն Կարապետյանը մերժել էր նաև ապրիլի 25-ի բանակցությունների առաջարկը` ասելով, որ ընդդիմությունը միակողմանի պայմաններ է թելադրում` ընտրելով բանակցությունների ձևաչափը։