Քանի նստարան ու աղբաման են վնասել ցուցարարները. հաշվում է Երևանի քաղաքապետարանը

Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերականգնել քաղաքացիական ակցիաների ընթացքում վնասված քաղաքային գույքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 Ապրիլ — Sputnik. Մայրաքաղաքում կազմակերպված ցույցերի և քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ վնասվել են աղբամաններ, նստարաններ և քաղաքային այլ գույք: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ավարտին հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Ինչպես ցուցարարները «թաղեցին» Երևանից ԱՄՆ մեկնող ուղևորի 1200 դոլարանոց տոմսը

«Քաղաքապետարանի համապատասխան ծառայություններին և վարչական շրջաններին արդեն իսկ հանձնարարել եմ գույքագրել հասցված վնասներն ու քայլեր ձեռնարկել դրանք հնարավորին արագ վերականգնելու ուղղությամբ», — ասել է Տարոն Մարգարյանը:

Հիշեցնենք, որ քաղաքացիական ակցիաների մասնակիցները Երևանի փողոցները փակելու նպատակով մայթերից ու մոտակա պուրակներից փողոցների երթևեկելի հատվածներ էին տեղափոխում նստարաններն ու աղբամանները։