Չենք թաքցնում, որ ունենք մեղավորության մեր բաժինը. Կարեն Կարապետյան

Խորհրդարանը պետք է ընտրի ոչ թե վարչապետի անձը, այլ նրա ծրագիրն ու նրա թիմին։ Կարեն Կարապետյանը չի հերքում` իրենց մեղքի բաժինը կա ստեղծված իրավիճակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Երբ հայտարարվում է, որ օրակարգը սա է, և մյուս կողմն իրավունք չունի որևիցե օրակարգ ձևավորել, դա արդեն բանակցություն չէ։ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսպես է մեկնաբանել ընդդիմության բանակցությունների հրավերը մերժելու որոշումը։

ՀՀԿ–ն չի ուզում, որ Ալիևն ու Էրդողանն ուղիղ եթերով դիտեն Փաշինյան–Կարապետյան հանդիպումը

Կարապետյանը չի բացառել, որ Հայաստանի քաղաքացիներն ուզում են ՀՀ վարչապետ տեսնել Նիկոլ Փաշինյանին, բայց և չի բացառել, որ դա այդպես չէ։

Նա առաջարկել է Ազգային Ժողով գալ ծրագրով, ստանալ անհրաժեշտ քվեն և դառնալ վարչապետ: «Բայց մոնոպոլիզացնել՝ ասել, ես եմ միայն վարչապետը, այլ թեկնածու չկա, բանակցությունների ժամանակ ես եմ օրակարգը թելադրում, դու օրակարգի իրավունք չունես, չեմ կարծում, որ մենք ցանկացել ենք այդպիսի հասարակություն ձևավորել»,– ասել է Կարապետյանը։

Նա նաև չի հերքել, որ Հայաստանում կա ճգնաժամ, կուտակված խնդիրներ։ Բայց և նշել է, որ ստեղծված իրավիճակում պետք է ընտրել, թե որ ուժը, կամ որ ուժերի համախմբումն է տանելու երկիրը դեպի ավելի լավ ապագա:

Կարեն Կարապետյանը մերժեց Նիկոլ Փաշինյանին. հայտարարություն

«Մենք անձ պետք է չընտրենք, մենք ծրագիր, մենք թիմ պետք է ընտրենք, մենք պետք է մեկս մյուսին լսելու ունակություն ունենանք, մենք պետք է հանդուրժողական լինենք: Մենք չենք թաքցնում, որ ունենք մեր մեղավորության բաժինը, գուցե և շատ մեծ, որ այս անհանդուրժողական մթնոլորտը կա, այսքան կուտակված սոցիալական խնդիրներ կան, բայց մենք այդ վիճակից պետք է դուրս գանք, չգիտեմ, մեկս մյուսի հետ խոսելով, ընդունելով սխալները, լսելով մյուս կարծիքները»,– ասել է Կարապետյանը։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 12։00–ին Նիկոլ Փաշինյանը հանդիպման ու բանակցությունների էր հրավիրել Կարեն Կարապետյանին։ Վերջինը, սակայն մերժել էր` հրաժարվելով բանակցել լրագրողների ներկայությամբ։

Ավելի վաղ Կարեն Կարապետյանը մերժել էր նաև ապրիլի 25-ի բանակցությունների առաջարկը` պատճառաբանելով, որ ընդդիմությունը միակողմանի պայմաններ է թելադրում` ընտրելով բանակցությունների ձևաչափը։

Մայիսի 1-ին ԱԺ–ում հատուկ նիստ է նշանակված, որի ժամանակ խորհրդարանը կընտրի ՀՀ ապագա վարչապետին։