Փաշինյանը չթողեց, որ Կարեն Կարապետյանի աթոռը դատարկ մնա

Նիկոլ Փաշինյանը վստահ է` ՀՀԿ–ում լիակատար խառնաշփոթ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Կարեն Կարապետյանի տեղը զբաղեցնում է իմ ուսապարկը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը` մեկնաբանելով տապալված բանակցությունների երկրորդ փորձը` ասաց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀԿ-ում լիակատար խառնաշփոթ է, որովհետև ՀՀԿ-ն նախ ասել էր, որ պատրաստ է բանակցությունների` առանց նախապայմանների, բայց տեսնում եք, որ Կարեն Կարապետյանի տեղը զբաղեցնում է իմ ուսապարկը»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Կարապետյանի բացակայությունը նշանակում է, որ վստահ չէ իր բանակցային ուժերին։

«Այդ դեպքում ինչպե՞ս է գնալու ԼՂ բանակցությունների, այսպե՞ս»,- հարցադրում արեց Փաշինյանը։

Այսօր ժամը 12։00-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպման ու բանակցությունների էր հրավիրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին։ Նա մերժել էր` հրաժարվելով բանակցել լրագրողների ներկայությամբ։ Չկայացած հանդիպման փոխարեն Փաշինյանը հանդիպեց լրագրողների հետ ու պատասխանեց նրանց հարցերին։

Ավելի վաղ Կարապետյանը մերժել էր նաև ապրիլի 25-ի բանակցությունների առաջարկը` պատճառաբանելով, որ ընդդիմությունը միակողմանի պայմաններ է թելադրում` ընտրելով բանակցությունների ձևաչափը։