«Քարե» ուկրաինացին` հայկական ատոմակայանի կառուցողը և Չեռնոբիլի վետերանը

78 տարեկան Մաքսիմ Կրեմենը շատ կազմակերպված է և խիստ իր նկատմամբ. հին կոփվածության մարդիկ սովոր չեն թուլություն դրսևորել։
Sputnik

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Ո՞վ է ավելի ուժեղ` մա՞րդը, թե՞ քարը։ Հարցրեք հայ ատոմային մասնագետներին, և նրանք կպատասխանեն, որ Մաքսիմ Կրեմենից ավելի հուսալի և ամուր մարդ չկա։

Նա երկար տարիներ աշխատել է Ուկրաինայի ատոմային էներգետիկայի ոլորտում։ 70-ականներին մասնակցել է հայկական ատոմակայանի շինարարությանը։

Ապրիլի կեսերին Մաքսիմ Կրեմենը` Ուկրաինայի ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միության նախագահը, կրկին ժամանել է Հայաստան` մասնակցելու գործընկեր վետերանների միջազգային սեմինարին։

«Ես այստեղ աշխատել եմ հիմնադրման պահից։ Ամրացրել եմ ջերմատեխնիկան, եղել եմ այդ համակարգի փորձարկման ղեկավարներից մեկը», — հիշում է նա։

Նա հայ ընկերների հետ կապված լավ հիշողություններ ունի։ Կրեմենը մինչև հիմա հանդիպում է նրանց տարբեր օբյեկտներում ՄԱԳԱՏԷ առաքելության կազմում։

«Շատ լավ գիտենք միմյանց, բայց աշխատանքի նկատմամբ վերաբերմունքն առաջվա պես խիստ է, առանց արտոնությունների։ Մեզ պետք էլ չեն նման բաներ։ Մենք կոփվածության մարդիկ ենք։ Մեզ սովորեցրել են ամեն ինչ անել խղճով», — ժպտում է նա։

Ինչպես է Հայաստանը շահագործումից հանելու ատոմակայանը. դուռը փակելո՞ւ է, ու վե՞րջ

Մաքսիմ Կրեմենը նրանցից մեկն է եղել, ով կառուցել և գործարկել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի բոլոր չորս էներգաբլոկները։ Եվ երբ 32 տարի առաջ ապրիլյան օրերին աղետ տեղի ունեցավ այդ հողի վրա, նա չնայեց իրեն և գնաց առաջավոր գոտի։

Մոտեցե՞լ է արդյոք Մաքսիմ Կրեմենն էպիկենտրոնին` կայանի էներգաբլոկների մեքենաների սրահին։ Ի պատասխան միայն ժպտում է։

«Ես այնպիսի գոտիներ եմ մտել, որ մտածում էինք` արդեն վերջ։ Իմ ընկերները, որոնք ինձ հետ էին, շատ էին վախենում։ Սկզբում մահացավ մեկը, հետո մյուսը։ Իսկ ես ինձ տրամադրում էի, որ ինձ մոտ ոչ մի բան չկա, ինչ-որ մեկին ինչ-որ բան ասելու կարիք չկար։

Պետք է հավատաս քեզ։ Գլխավորը` չհավատաս, որ քեզ ինչ-որ բան կարող է լինել։ Երբ սկսում ես մտածել վատ բաների մասին, դա անդրադառնում է։ Ես հիմա 78 տարեկան եմ և, որքան էլ տարօրինակ լինի, ողջ եմ», — ասաց նա։

Կրեմենը մինչև վերջին վերջերս աշխատում էր Խմելնիցկի ԱԷԿ-ում` որպես փոխտնօրեն։ Պնդում է, որ անհանգստանալու կարիք չկա։ Գլխավորը լավ փոխարինողներ մեծացնելն է։

«Պրոֆեսիոնալներից շատերը հեռանում են արտասահման, որովհետև այնտեղ, անշուշտ, ավելի շատ են վճարում։ Բայց ոմանք մնում են։ Ուստի պետք է ներգրավել վետերաններին, որպեսզի նրանք փոխանցեն իրենց փորձը», — ասում է Կրեմենը։

Նրա պես մարդկանցից շատ բան կարելի է սովորել թե՛ մասնագիտության մեջ, թե՛ կյանքում, հավաստիացնում են նրա հայ ընկերները։