Փաշինյանի հետ հանդիպման մանրամասները ներկայացրել է ՌԴ դեսպանատունը

ՌԴ դեսպանատունը Փաշինյանի հետ հանդիպմանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես սահմանադրական դաշտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանն ապրիլի 25-ին հանդիպում է տեղի ունեցել Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ դեսպանության մամուլի ծառայությունը:

ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը Փաշինյանին հավաստիացրել է` Հայաստանի գործերին չեն խառնվելու

Զրույցի ընթացքում հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանում և մայրաքաղաք Երևանում տիրող իրավիճակին: Ռուսական կողմը կոչ է արել ընդդիմադիր հավաքների ու երթերի կազմակերպիչներին գործող իշխանությունների ու մյուս քաղաքական ուժերի հետ գնալ կառուցողական երկխոսության:

ՌԴ դեսպանատնից ընդգծել են, որ ստեղծված իրադրությունը պետք է կարգավորվի բացառապես սահմանադրական դաշտում ու ի շահ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների: Ռուսական կողմը հույս է հայտնել, որ երկիրը շուտափույթ կերպով կվերադառնա նորմալ ու հանգիստ հունին: