Փաշինյանը պնդում է` ՀՀԿ–ն համաձայն չէ, որ Կարեն Կարապետյանը ներկայացնի իրենց

Փաշինյանը բացատրել է, թե ինչու է բանակցային 3+3 ձևաչափ առաջարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլ — Sputnik. ՀՀԿ ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանին ասել են, որ Կարեն Կարապետյանն իրենց չի ներկայացնում։ Այս մասին այսօր Երևանի Հանրապետության հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

«Այն ժամանակ, երբ նշանակված էր մեր բանակցությունները Կարեն Կարապետյանի հետ, մեզ զանգում էին ՀՀԿ պատգամավորներ և ասում` խնդրում ենք հաշվի առնել, որ Կարեն Կարապետյանը մեզ չի ներկայացնում։ Դրանից հետո մենք առաջարկել ենք, որ բանակցային ֆորմատի քննարկումներին մասնակցեն Կարեն Կարապետյանը, Արա Բաբլոյանը և Վահրամ Բաղդասարյանը»,- հայտնեց Փաշինյանը։

Նա մեկնաբանեց, որ այս առաջարկի նպատակն էր համոզվել, որ բանակցում են իշխող կուսակցության և ոչ թե նրա մի փոքր հատվածի հետ։

«Բանակցությունները պետք է վերաբերեն իշխանության խաղաղ և անցնցում փոխանցմանը։ Պատրաստ ենք քննարկել անցումային շրջանի ժամանակ կառավարության գործունեության հետ կապված ցանկացած հարց»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը հայտնեց նաև, որ իրեն այսօր ևս մոտեցել են ՀՀԿ-ական մի շարք պատգամավորների ներկայացուցիչներ և ասել, որ պատրաստ են քվեարկել վարչապետի ժողովրդական թեկնածուի օգտին։

ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը Փաշինյանին հավաստիացրել է` Հայաստանի գործերին չեն խառնվելու

Ապրիլի 24-ին հայտնի է դարձել, որ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» շարժման նախաձեռնող Նիկոլ Փաշինյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի բանակցությունները չեղյալ են հայտարարվել։

Փաշինյան-Կարապետյան բանակցությունների չեղարկման պատճառը ընդդիմադիրի պահանջն էր։ Նիկոլ Փաշինյանը ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանին և ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին առաջարկել է բանակցություններն անցկացնել «երեք+երեք» ձևաչափով։ Մինչ այդ էլ խոսվել է դռնփակ բանակցությունների մասին։

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անընդունելի է համարել այդ պահանջներն ու բանակցությունների ձևաչափը` նշելով, որ Փաշինյանը փորձում է թելադրել բացառապես իր պայմանները։

Բանակցությունների ձախողումից հետո ապրիլի 25-ի առավոտյան Երևանում վերսկսվեցին բողոքի զանգվածային ակցիաները։ Փաշինյանը պահանջում է, որ ՀՀԿ-ն հրաժարվի իշխանությունից, վարչապետի պաշտոնում ընտրվի «ժողովրդական թեկնածուն» և գումարվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ։