Երևանցիները տերմինալ են գողացել Վեդիում ու բռնվել դեպքից ժամեր անց

Գողությունն իրականացրել են 19 և 21 տարեկան երիտասարդները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Ապրիլի 23-ի, լույս 24-ի գիշերը Վեդի քաղաքում գողություն է կատարվել։ «Թել Սելի» տերմինալի գողության մասին ժամը 6-ն անց 50-ի սահմաններում, ոստիկանության Արարատի բաժնում բանավոր հաղորդում է ստացվել խանութի սեփականատիրոջից։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Երևանում Mercedes–ը վրաերթի է ենթարկել 5 մարդու. կան զոհեր

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ խանութի դուռը բացել են տեխնիկական միջոցների գործադրմամբ։

Վեդիի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։
Բացահայտման միջոցառումներին մասնակցել են նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արարատի պահպանության բաժնի ծառայողները։

Ժամեր անց հայտնաբերվել և գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Արարատի բաժին բերման են ենթարկվել Երևանի բնակիչներ 19-ամյա Վանուշ Մկրտչյանն ու 21-ամյա Խաչատուր Առաքելյանը։

Հետագա միջոցառումներով ոստիկանները հայտնաբերել են նաև գողոնը։

Տերմինալը պահված է եղել Վեդիում գտնվող մի շինության տարածքում։

Ոստիկանության Արարատի բաժնում հարուցված քրեական գործի նյութերն ու բերման ենթարկվածերը փոխանցվել են Վեդիի քննչական բաժին։

Վանուշ Մկրտչյանն ու Խաչատուր Առաքելյանը որպես կասկածյալ հարցաքննվել ու բաց են թողնվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։