Թբիլիսիից դուրս եկած երթուղային տաքսիները չեն կարողանում հասնել Երևան

Մի շարք երթուղային տաքսիներ, որոնք մեկնում են Թբիլիսիից Երևան և հակառակ ուղղությամբ, չեն կարողանում տեղ հասնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Ապրիլի 25-ի առավոտյան ժամը 9։00-ին Թբիլիսի-Երևան երթուղին իրականացնող երկաթուղային տաքսիները մնացել են Իջևան քաղաք տանող ճանապարհին, որը փակել են ցուցարարները։ Այս մասին Sputnik Արմենիան տեղեկացավ «Կիլիկիա» ավտոկայարանի աշխատակիցներից։

«Իմ քայլը» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիաները շարունակվում են ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի մյուս քաղաքներում։

«Ժամը 9։00-ին Թբիլիսից դուրս եկած երթուղային տաքսիները մնացել են Իջևանի մայրուղում։ Տվյալ պահին Թբիլիսի է հասել միայն մեկ մեքենա, որը Երևանից դուրս է եկել առավոտյան ժամը 8։30-ին։ Մնացածը փոխել են երթուղին և փակ ճանապարհը շրջանցում են Կիրովականով», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Նա նաև ընդգծեց, որ հայ-վրացական սահմանի մաքսային անցակետերն աշխատում են սովորական ռեժիմով` չնայած Հայաստանում ընթացող բողոքի ակցիաներին։

Նիկոլ Փաշինյանը փոխում է խաղի մարտավարությունը. քաղտեխնոլոգ

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի երեկոյան չեղյալ հայտարարվեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և «Ելք» դաշինքնի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվեին հետագա անելիքները։ Կարեն Կարապետյանի խոսքով`Փաշինյանի վերջնագիրը նշանակում է, որ ոչ թե երկխոսություն պիտի կայանա, այլ Փաշինյանը ուզում է բացառապես հնչեցնել սեփական տեսակետը` ընդհուպ դիմացի կողմի բանակցողներին որոշելով։

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։