ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատակազմը և ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն են տարածել` նշելով, որ վարչապետի պաշտոնակատարի և ԱՄՆ դեսպանի այսօրվա հանդիպումից հետո կառավարության աշխատակազմի կողմից ներկայացված մամլո հաղորդագրության մեջ դեսպան Միլսին վերագրվող խոսքը Դեսպանի մեկնաբանությունների ու ԱՄՆ կառավարության դիրքորոշման սխալ թարգմանություն է:
Հիշեցնեք, որ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն այսօր հանդիպել և քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր:
Ըստ ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` դեսպան Միլսը վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը և շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն և որ երկխոսությունն այլընտրանք չունի:
«Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհն այն չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»,- կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ այսպես են ձևակերպվել Միլսի խոսքերը։
Այնինչ ըստ ԱՄՆ դեսպանատան պարզաբանմամբ` Ռիչարդ Միլսը ինչպես նախկինում էլ նշել է, Հայաստանի ժողովրդի խաղաղ հավաքների և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ սահմանադրությամբ: Եվ այդ իրավունքները պետք է լիարժեք հարգվեն և նոր կառավարության ձևավորումը պետք է լինի բարեխիղճ բանակցությունների արդյունք։