ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի պաշտոնական էջում հայտարարություն է հրապարակել, որով մեկնաբանել է իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպման չեղարկումը։
«Ինչպես գիտեք, վաղը պետք է տեղի ունենար իմ և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ փնտրելու համար:
Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ, մասնավորապես հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով»,- ասած է հայտարարության մեջ:
Վարչապետի պաշտոնակատարը նաև նշել է, որ Փաշինյանի կողմից առաջարկվել է Հանրապետական կուսակցության կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև ընդդիմադիր շարժման ղեկավարը հայտնել է, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ:
«Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել»,- հավելել է վարչապետը:
Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով` որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, Կարեն Կարապետյանը դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձևաչափով հանդիպում կազմակերպելու խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում: