«Գազպրոմ Արմենիան» հերքում է լուրերը. ցույցերին մասնակցելու պատճառով ոչ ոքի չեն հեռացնում

Ընկերությունը հայտարարություն է տարածել վերջին օրերի զանգվածային երթերի պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. «Գազպրոմ Արմենիան» աշխատանքից չի ազատել աշխատակիցներին։ Այդ մասին նշված է ընկերության պաշտոնական հայտարարությունում։

Այսօր մի շարք ԶԼՄ-ներ տեղեկություններ են տարածել, որ աշխատանքից կազատվեն ընկերության աշխատակիցները, որոնք մասնակցել են վերջին օրերի զանգվածային երթերին։

«Հայտարարում ենք, որ «Գազպրոմ Արմենիան» աշխատանքից չի ազատել ոչ մի աշխատողի», — ասվում է ընկերության հայտարարությունում։

Նշենք, որ ընկերությունում աշխատում է մոտ յոթ հազար մարդ։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի երեկոյան չեղյալ հայտարարվեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և «Ելք» դաշինքնի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվեին հետագա անելիքները։ Կարեն Կարապետյանի խոսքով`Փաշինյանի վերջնագիրը նշանակում է, որ ոչ թե երկխոսություն պիտի կայանա, այլ Փաշինյանը ուզում է բացառապես հնչեցնել սեփական տեսակետը` ընդհուպ դիմացի կողմի բանակցողներին որոշելով։

Կպատժե՞ն արդյոք ցույցին միացած խաղաղապահներին. մեկնաբանում է փաստաբանը

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։