Դոնալդ Թրամփը խոսել է Ցեղասպանությունից` խուսափելով այդ եզրույթն արտաբերել

ԱՄՆ նախագահը նշել է, որ իրենք հանձնառություն ունեն երաշխավորելու, որ նման ոճրագործություններն այլևս չեն կրկնվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ և ոճրագործությունը կրկին անվանել է Մեծ Եղեռն` խուսափելով ցեղասպանություն եզրույթից:

«Այսօր մենք հիշատակում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը, երբ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ դատապարտվեցին մահվան երթի Օսմանյան Կայսրության վերջին տարիներին: Մենք հիշատակում ենք 1915թ. իրադարձությունները և սգում զոհերի և տառապյալների համար»,- նշված է ուղերձում:

Թուրքական յաթաղանից փրկվելով` նրանք հայտնվեցին համաշխարհային պատմության էջերում

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ԱՄՆ-ը օգտագործում է պահը՝ ճանաչելու քաջությունն այն անհատների, ովքեր ձգտեցին վերջ տալ բռնությանը, ինչպես նաև նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան վերապրածներին օգնություն ցուցաբերելու և համայնքները վերակառուցելու համար, այդ թվում և Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին, ով ձգտում էր վերջ տալ բռնությանը, իսկ հետագայում Մերձավոր Արևելյան նպաստամատույցի միջոցով գումար հավաքեց՝ օգնելու հայ ժողովրդին:

«Քանի որ մենք հարգում ենք նրանց հիշատակը, ովքեր տառապել են, մենք նաև վերադառնում ենք մեր հանձնառությանը՝ երաշխավորելու, որ նման կոտորածները չկրկնվեն: Մենք ընդգծում ենք ցավոտ տարրերով անցյալի ճանաչման ու դրա հետ հաշվի նստելու կարևորությունը՝ որպես անհրաժեշտ քայլ ավելի հանդուրժող ապագա կառուցելու ճանապարհին»,- ասված է հայտարարության մեջ:

Դոնալդ Թրամփը նաև հավելել է, որ այս օրն իրենք կանգնած ենք ողջ աշխարհի հայ ժողովրդի կողքին՝ ի նշան զոհվածների հիշատակի: