ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Թուրքիայի հարավ-արևելքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 39-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երկրի առողջապահության նախարար Ահմեդ Դեմիրջանին։
Ստորգետնյա ցնցումների հետևանքով տներ են փլվել, 39 մարդ վնասվածքներ են ստացել։
«Նրանց հսկում են բժիշկները, ոչ ոք ծանր վնասվածքներ չի ստացել», — ասել է նախարարը։
5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է այսօր առավոտյան Սամսատ քաղաքից 4 կիլոմետր հյուսիս-արևելք։ Երկրաշարժի օջախը եղել է 7 կիլոմետր խորության վրա։ Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանը կից Արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD)։
Ավելի վաղ հայտնում էին 13 տուժածի մասին։ Թուրքական ԶԼՄ-ների տվյալների համաձայն` մարդկանց մեծ մասը խուճապի պատճառով է վնասվածքներ ստացել։