Կպատժե՞ն արդյոք ցույցին միացած խաղաղապահներին. մեկնաբանում է փաստաբանը

Խաղաղապահներին պատժելու իրավունք չունեն։ Փաստաբանը համոզված է, որ նրանք գործել են դիմադրության իրավունքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները հանրահավաքին մասնակցելու համար պատասխանատվության պիտի չենթարկվեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

Երևանի փողոցներում ընթացող բողոքի երթին են միացել զինվորական համազգեստով երիտասարդներ

Նրա խոսքով` տվյալ դեպքում զինծառայողների գործողությունները պետք է որակվեն որպես դիմագրավելու իրավունքով պայմանավորված գործողություն, որն օրենքով պատժելի չէ։

«Իշխանությունն ու հասարակությունը գտնվում են պայմանագրային հարաբերությունների մեջ։ Այսինքն` իշխանությունը ժողովրդի հետ պայմանագիր է կնքել, որ կպաշտպանի սահմանադրական կարգը։ Երբ իշխանությունը չի պահպանում սահմանադրական կարգը և խախտում է քաղաքացիների սահմանադրական իրավունքները, ծագում է դիմադրության իրավունքը, որը ծայրահեղ անհրաժեշտություն է»,- իրավական եզրույթն այսպես մեկնաբանեց փաստաբանը։

Ըստ նրա` դիմադրության իրավունքն ամրագրված է միջազգային փաստաթղթերում`Հաագայի կոնվենցիայում, Մարդու իրավունքների հռչակագրում։ Հայաստանի օրենսդրության մեջ այդ իրավունքը ևս որոշակիորեն արտացոլված է Քրեական ու Վարչական իրավախախտումների օրենսգրքերում։

«Ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում կատարված գործողությունների համար անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության` ո՛չ քրեական, ո՛չ վարչական»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը` հավելելով, որ հակառակ պաշտպանության նախարարության հայտարարության, այդ հարցի պատասխանը բացառապես արդարադատության համակարգի իրավասությունն է։

Փաստաբանի համոզմամբ` դիմադրության իրավունքն է կիրառվել նաև հանրահավաքին մասնակցած քաղաքացիներին ազատելու դեպքերում։

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները դուրս էին եկել փողոց և միացել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում ընթացող երթին։

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում խստորեն դատապարտել էր ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի զինծառայողների մասնակցությունը հանրահավաքին։ ՊՆ-ն խոստացել էր նրանց նկատմամբ կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության ամենախիստ միջոցները։