Ինչպես իսպանացի դիվանագետը Թուրքիայում փրկեց Կոմիտասին. արխիվային տվյալներ

Ստամբուլում և Երուսաղեմում իսպանացի հյուպատոսները նախազգուշացրել էին վատագույնի մասին դեռ 1915թ–ի հունվարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Իսպանական El Pais թերթն ապրիլի 24–ին հրապարակել է հատվածներ Թուրքիայում իր դիվանագետների արխիվային նամակագրությունից։

Մասնավորապես, Մադրիդի Ազգային արխիվում պահվում են տեղեկություններ Թուրքիայում քրիստոնյաների էթնիկ զտումների մասին։ Դրանք կազմել են Կոստանդնուպոլիսում Իսպանիայի հյուպատոս Խուլիան Մարիա դել Արոյոն և Երուսաղեմում հյուպատոս Անտոնիո դե լա Սյերվան։ Այդ հայտարարությունների հիման վրա Իսպանիայի իշխանությունները կարող են փաստաթուղթ նախապատրաստել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։

Ի հեճուկս թուրքերի. ապրիլի 24-ին ծնված երևելի հայերը

Դեռ 1915թ–ի հունվարին դե լա Սյերվան հաղորդել է Մադրիդին.

«Իրադրությունն անհանգստացնում է տեղի քրիստոնյաներին։ Մահմեդականները հանդես են գալիս քրիստոնյաներին ոչնչացնելու կոչերով»։

1915թ–ի մայիսի 31–ին Օսմանյան կայսրության նախարարների խորհուրդը որոշում է ընդունել հայերին ունեցվածքից և տներից զրկելու մասին։ Ահա թե ինչ է գրել Դել Արոյոն Մադրիդում.

«Ես ուշադրություն եմ դարձրել երիտթուրքերի այլատյացության և ագրեսիայի վրա։ Նրանք հայտարարում են, որ ապրել իրավունք ունեն միայն իրենք։ Մնացած բոլորին պետք է ոչնչացնել։ Նրանք այդպես են վարվում հույների և հայերի հետ»։

1916թ–ի մարտին նա գրում է. «Հալածանքները շարունակվում են` չնայած բոլոր երկրների բողոքներին։ Կառավարությունն իրագործում է իր մտահաղացումը` ոչնչացնել Թուրքիայում բնակվող երկուսուկես միլիոն հայերին»։

Պահպանվել են նաև փաստաթղթեր Մադրիդի և Կոստանդնուպոլիսի միջև նամակագրությունից` Կոմիտասին փրկելու և նրան Վիեննա ուղարկելու մասին։ 1916թ–ի հունվարին իսպանացի դիվանագետը գրում է.

Դարի կողոպուտը. Հայոց ցեղասպանության շնորհիվ Օսմանյան կայսրությունը փրկվեց սննկացումից

«Սկզբից Կոմիտասին տարել են Փոքր Ասիա, բայց ամերիկյան դեսպանատան ջանքերով նրան այդտեղից էլ տեղափոխեցին»։

Դել Արոյոն, որն անձամբ է ճանաչել Կոմիտասին, գործի է դրել իր բոլոր ծանոթությունները և կապերը, ինչով էլ օգնել է նրան փրկվել։

«Նրանք վախեցել են, որ Կոմիտասը կպատմի ճշմարտությունն այն մասին, թե ինչ տեղի է ունեցել։ Նման մարդկանց սովորաբար գերի են պահում», – ավելի ուշ գրել է նա։

Իսպանիայի կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել ցեղասպանությունը, թեև դա արել են ինքնավարությունների խորհրդարանները` Բալեարյան կղզիների, Կատալոնիայի, Նավարայի և Բասկոնիայի։

«Բայց Իսպանիան` որպես միջազգային ուժ, պետք է նաև բարոյական պատասխանատվություն ունենա։ Նա կարող է հետևել Գերմանիայի և Նիդեռլանդների խորհրդարանների օրինակին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը` չնայած Թուրքիայի սպառնալիքներին։ Եվ սպառնալիքները հօդս են ցնդել», – գրում է թերթը։

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել են 25 երկրներ։