Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի` վաղը նախատեսված հանդիպումը չի կայանա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն կետերի շուրջ, որոնք նախապես հայտարարվել են «Իմ քայլը» շարժման ղեկավարի կողմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և «Իմ քայլը» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի` վաղը «Մարիոթ» հյուրանոցում նախատեսված հանդիպումը և բանակցությունները չեղյալ են հայտարարվել:

Վարչապետի պաշտոնակատարի և Փաշինյանի հանդիպումը կկայանա առանց լրագրողների ներկայության

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին տեղեկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:

«Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն կետերի շուրջ, որոնք նախապես հայտարարվել են մեր կողմից։ Դա էր իշխանության խաղաղ փոխանցման օրակարգը` ԱԺ արտահերթ ընտրությունները: ՀՀԿ-ի ներկայացուցիչը չի կարող լինել ժամանակավոր կառավարության առաջին դեմքը: Միայն այս օրակարգի շուրջ կարող են լինել բանակցություններ: Որևէ այլ օրակարգ քննարկելի չէ մեզ համար»,- ասաց Ավինյանը:

Հիշեցնենք, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նախատեսված էր վաղը` ապրիլի 25–ին, ժամը 11։00–ին «Մարիոթ» հյուրանոցում։ Անգամ հայտարարվել էր, որ այն տեղի է ունենալու առանց լրագրողների ներկայության։ Լրագրողներին նախատեսված էր միայն հանդիպման վերջում հարցեր տալու հնարավորություն ընձեռել։