Կառավարությունը շարունակելու է աշխատել. Կարեն Կարապետյանի հանձնարարականը

Աշխարհը պետք է տեսնի, որ հայերն ընդունակ են համախմբվելու։ Կարեն Կարապետյանը կոչ է անում հավաքվել ու շարունակել աշխատել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. ՀՀ կառավարությունը, պետական գերատեսչությունների ղեկավարներն ու աշխատակիցները անխափան շարունակելու են աշխատանքը։ Այսօր կառավարության արտահերթ նիստում նման հանձնարարություն է տվել ՀՀ առաջին փոխվարչապետ, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հայտնի է` ով կփոխարինի Սերժ Սարգսյանին

«Բոլորս շատ լավ գիտենք՝ ինչ է կատարվում մեր երկրում: Մենք մի իրավիճակում ենք, երբ պետք է գտնենք լուծում,- ասել է Կարապետյանը,- այդ աշխատանքի որևէ խափանում չպետք է լինի, և դա պետք է լինի մեր պետականության հասունության ամենակարևոր քննությունը: Վստահ եմ, որ մենք բոլորս այն պատվով կկատարենք»:

Կարապետյանը նաև զգոնության կոչ է արել իրավապահներին ու զինվորականներին, ինչպես նաև քաղաքացիներին ու քաղաքական ուժերին` ցուցաբերել մաքսիմալ զգոնություն և օրինապաշտություն, հարգանք այլ քաղաքացիների իրավունքների հանդեպ:

Ըստ Կարապետյանի` ապրիլի 24-ին Հայաստանը պետք է կարողանա ամբողջ աշխարհին ցույց տալ, որ կրիտիկական պահերին կարող է համախմբվել, հավաքվել, բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել:

Նշենք, որ այսօր ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեց «Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Հազարավոր ցուցարարների ուղեկցությամբ նա շարժվեց Հանրապետության հրապարակ և հայտարարեց, որ երեկոյան հանրահավաք կանցկացվի։ Փաշինյանի հայտարարությունից կես ժամ անց ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակեց Սերժ Սարգսյանի ուղերձը ժողովրդին, որում նա հայտարարեց իր հրաժարականի մասին։