ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Զրույցի քննարկման միակ առարկան եղել է ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից դուրս գալու խաղաղ և անկորուստ ճանապարհը:
Բակո Սահակյանը նույն օրը հանդիպում է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։ Երկուստեք կարևորվել է երկրում կայունության և օրինականության պահպանման անհրաժեշտությունը:
Նշենք, որ այսօր ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեց «Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Հազարավոր ցուցարարների ուղեկցությամբ նա շարժվեց Հանրապետության հրապարակ և հայտարարեց, որ երեկոյան հանրահավաք կանցկացվի։ Փաշինյանի հայտարարությունից կես ժամ անց ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակեց Սերժ Սարգսյանի ուղերձը ժողովրդին, որում նա հայտարարեց իր հրաժարականի մասին։