Սերժ Սարգսյանը հեռացավ` ապրիլի 24–ի վրա ցանկացած բիծ կանխելու մտահոգությամբ. տեսանյութ

Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան նախագահականում հանդիպել էր մի շարք պաշտոնատար անձանց հետ և խոսել վաղը` ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու օրվա կապակցությամբ երկրում կարգուկանոն հաստատելու և ըստ այդմ այդ օրվա վրա ցանկացած բիծ կանխելու մասին։
Sputnik

ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը նախագահականում ՀՀ պաշտոնյաների` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, ՀՀ փոխվարչապետ Կարեն Կարապետյանի, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ նախագահականում խոսել է հնարավոր ամեն ինչ անելու մասին, որպեսզի Ապրիլի 24-ի օրվա վրա ոչ միայն վաղը, այլև ընդհանրապես երբեք որևէ բիծ չլինի։

«Ես կարծում եմ, որ ոչ միայն մեզնից յուրաքանչյուրը, այլ յուրաքանչյուր հայ ամեն ինչ պետք է անի, որպեսզի որևէ բիծ ապրիլի 24-ի օրվա վրա, ոչ միայն վաղը, այլև ընդհանրապես երբեք չլինի: Ուստի մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ օրը կարողանանք մեր հարգանքի տուրքը մատուցել մեր սրբադասված հայրենակիցների հիշատակին»,-նկատի ունենալով հայաստանյան ներքաղաքական լարված վիճակը` հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 23-ին մոտ ժամը 16։00-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ վարչապետի պաշտոնից։