«Ինչու՞ պետք է Մոսկվան միջամտի». Պեսկովը խոսել է Հայաստանի մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ասել է`Հայաստանի իրադարձությունները երկրի ներքին գործն է, ՌԴ–ի միջամտության մասին խոսելը տեղին չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Ընդդիմության բողոքի ցույցերի հետ կապված հայաստանյան իրադարձություններն այդ երկրի ներքին գործն է, ներքաղաքական խնդիրներին Ռուսաստանի միջամտության հնարավորության մասին հիպոթետիկ դատողությունները տեղին չեն։ Այս մասին լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Գործընկերները պարզել են, թե որտեղ է Նիկոլ Փաշինյանը

«Բացառապես Հայաստանի ներքին գործն է, սա այն է, ինչ կարող եմ ասել», — ասել է Կրեմլի ներկայացուցիչն ի պատասխան այն հարցի, թե ՌԴ-ն Հայաստանում ընթացող բողոքների հետ կապված տարածաշրջանային ապակայունացման վտանգ տեսնում է, թե ոչ։

«Ինչո՞ւ Մոսկվան պետք է միջամտի», — տարակուսել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե որ դեպքում ռուսական կողմը կարող է միջամտել իրավիճակին։

«Կրեմլի գծով ոչինչ ասել չեմ կարող ձեզ։ Դուք գիտեք, որ նախագահը վերջերս շփում ունեցել է, նա շնորհավորել է իր գործընկերներին ընտրվելու կապակցությամբ։ Այդ պատճառով բարձր մակարդակով նման շփումներ եղել են, բայց որևէ խորհրդատվություն ես հիմա ձեզ հստակ ասել չեմ կարող», — ասել է Պեսկովը լրագրողներին`պատասխանելով այն հարցին, թե Երևանը դիմե՞լ է Մոսկվային օգնության կամ խորհրդատվության համար։

Ի պատասխան հարցին, թե Ռուսաստանն ի՞նչ կձեռնարկի, եթե, օրինակ, Հայաստանը օգնություն խնդրի, նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է.

«Այստեղ հիպոթետիկ դատողությունները բացարձակ անտեղի են», — եզրափակել է նա։

Ցուցարարներին միացած խաղաղապահները խստորեն կպատժվեն. ՊՆ

«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցն է, երկիր, որի հետ ամենասերտ հարաբերություններ են զարգանում», — ընդգծել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ արդեն ավելի քան մեկ շաբաթ է` ՀՀ-ում ցույցեր են ընթանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և բողոքի ակցիաների կազմակերպիչ, «Ելք» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանի ձախողված բանակցություններից հետո բողոքի ցույցերն ավելի մեծ թափ ստացան։

Երևանի Արցախի փողոցում բախումներ սկսվեցին ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև, ինչից հետո ակցիայի կազմակերպիչներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին բերման ենթարկեցին, ապա ձերբակալվեցին։

Դատախազության տարածած հայտարարության համաձայն` նրանք բռնվել են հանրորեն վտանգավոր արարքների կատարման պահին, մասնավորապես՝ ապրիլի 13-ից կազմակերպել և անցկացրել են հավաքներ՝ անտեսելով լիազոր մարմնի՝ Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված սահմանափակումները: