Փաշինյանը քիչ առաջ Ֆեյսբուքում կոչ է արել քաղաքացիներին շարունակել ապակենտրոն պայքարը

Փաշինյանը հավաստիացրել է, որ անկախ 3 պատգամավորների ձերբակալությունից` նախաձեռնող խումբը վերահսկում է իրավիճակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Մի քանի րոպե առաջ «Իմ քայլը» շարժման նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը facebook-ի իր էջում առանձին գրառմամբ կոչ է արել քաղաքացիներին դուրս գալ փողոց` հավատարիմ մնալով խաղաղ անհնազանդության ոգուն և շարունակել ապակենտրոն պայքարը։

Երևանի կենտրոնական փողոցներով երթը ղեկավարում է Ալեն Սիմոնյանը

«Անկախ 3 պատգամավորների ձերբակալությունից նախաձեռնող խումբը վերահսկում է իրավիճակը։ Կոչ եմ անում այսօր երեկոյան 19։00-ին կրկին միանալ Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Մարիոթ» հյուրանոցում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ կարճատև հանդիպումից մեկ ժամ հետո Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցում երթի ժամանակ ոստիկանները բերան ենթարկեցին Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Դավիթ Սանասարյանին և Արարատ Միրզոյանին։

Ոստիկանության տվյալներով` Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին։

Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրի մասին առայժմ որևէ պաշտոնական տեղեկությյուն չի հրապարակվել։ Բայց ըստ նախնական տեղեկությունների` նա ևս ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում է։

Եվ այս պահին ցուցարարները նրան և մյուս պատգամավորներին ազատ արձակելու կոչով շարժվում են դեպի Շենգավիթ։