Հաղթողներ, պարտվողներ չեն կարող լինել, հասարակության, պետության շահերը վեր են. ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է անում բոլորին՝ սթափ գնահատել իրավիճակը, զերծ մնալ ծայրահեղություններից և բանական ու իրատեսական լուծումներ փնտրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը Հայաստանում ծավալվող իրադարձությունների բոլոր կողմերին կոչ է անում սթափ գնահատել իրավիճակը, զերծ մնալ ծայրահեղություններից և բանական ու իրատեսական լուծումներ փնտրել:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նաև հայտարարում է, որ Դաշնակցությունը շարունակելու է երկխոսությանն ուղղված հետևողական ջանքերը:

Հնարավո՞ր է Փաշինյան–Սարգսյան բանակցությունների 2–րդ փորձ. պատասխանում է Շարմազանովը

«Վերջին օրերի լարված, պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու, երկխոսության հարթակ ստեղծելու ՀՅ Դաշնակցության ջանքերը երեկ հույս էին առաջացրել, որ հնարավոր կլինի փոխզիջումային և կառուցողական լուծումներ գտնել: Մենք ամեն ինչ արել էինք կողմերին երկխոսության, բանակցությունների բերելու համար»,- նշված է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Անգամ բանակցելու տապալված գործընթացից հետո ՀՅԴ-ն հավատում է, որ ցանկացած փակուղային իրավիճակում կարելի է ելքեր գտնել և շտկել կացությունը:

Այս առումով կարևոր է, որ բոլոր կողմերը հասկանան՝ հաղթողներ ու պարտվողներ չեն կարող լինել: Հասարակության և պետության շահերը վեր են ամեն ինչից:

Նրանք կոչ են անում բոլորին՝ սթափ գնահատել իրավիճակը, զերծ մնալ ծայրահեղություններից և բանական ու իրատեսական լուծումներ փնտրել:

Այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի: Մեզ ոչ ոք հակառակը չի կարող համոզել: