Բողոքի ակցիաները շարունակվում են առանց կազմակերպիչների

Հանրապետության հրապարակում հանրահավաքը սկսվեց առանց կազմակերպիչների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հանրահավաքը, չնայած հիմնական կազմակերպիչների ձերբակալություններին, քիչ առաջ մեկնարկեց:

Մանե Թանդիլյանը փոխանցում է՝ ձերբակալված պատգամավորների հետ ամեն ինչ կարգին է

Հանրապետության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր ցուցարարներին առաջինը կոչով դիմեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:  Նա կոչ արեց այսուհետ ևս շարունակել ապակենտրոն բողոքի ակցիաները, անվտանգության նկատառումներից ելնելով չգիշերել փողոցներում, խուսափել ոստիկանների հետ բախումներից, իսկ ակցիայի կազմակերպիչների հետ կապ չհաստատելու պարագայում հետևել Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրվող հայտարարություններին:

Ամբիոնից հայտարարվեց նաև, որ անհնազանդության ակցիաներն ամեն առավոտ սկսվելու և օրվա ընթացքում շարունակվելու են Երևանի տարբեր թաղամասերում ու մարզային բնակավայրերում: Իսկ երեկոյան 22:00-ից հետո կոչ արվեց գնալ տուն: «Ով երեկոյան 22:00-ից հետո չի գնում տուն, մեր շարժման հետ կապ չունի»,- հայտարարվեց հարթակից:

Կոչ արվեց նաև շարունակել գործադուլներն ու դասադուլները: Իսկ ամեն երեկոյան բողոքի ակցիաները, ձևավորված ավանդույթով, կավարտվեն Հանրապետության հրապարակում կազմակերպվող հանրահավաքից հետո: