Ինչո՞ւ Հմայակ Բաբայանը չտեսավ հաղթանակը. մահվան հանդեպ ատելություն ունեցող հրամանատարը

Բաբայանն իր արժանի տեղն ունի հիանալի զինվորականների, զորահրամանատարների և հերոսների շարքում, որոնց պակասը հայկական հողը երբեք չի ունեցել։ Իր ժողովրդին ու երդմանը հավատարիմ լինելը, հերոսական կյանքն ու հաղթանակից առաջ մահն իսկական սպայի ողբերգական, բայց նաև հիանալի ճակատագիր է։
Sputnik

Կարսի մոտ գտնվող գյուղերից մեկում 1901 թվականին ծնված Հմայակ Բաբայանը պատերազմ էր գնացել կամավոր, բայց ինչպես պարզ դարձավ հետո, դա մի ամբողջ կյանք էր տևելու։ 16 տարեկանում նա համալրեց ցարական բանակի շարքերը, որը մեկ տարի անց դադարեց գոյություն ունենալ, և Սարդարապատի մոտ նա արդեն որպես Հայաստանի զինվոր էր կռվում։

Միայն այն հանգամանքը, որ Հմայակն այդ հերոսական մարտերի ժամանակ չափազանց երիտասարդ էր և հրամանատարական պաշտոններ չէր զբաղեցնում, երկու տասնամյակ անց նրան զերծ պահեց բռնաճնշումներից, որոնք բաժին հասան Սարդարապատի և Բաշ Ապարանի հրամանատարներին ու հերոսներին, օրինակ` Քրիստափոր Արարատյանին և Մովսես Սիլիկյանին։

Амаяк Григорьевич Бабаян

1920 թվականից կարմիրբանակային դարձավ, մի քանի ռազմական դպրոց ու ուսումնարան ավարտեց, ծառայեց հայկական 76-րդ լեռնահրաձգային դիվիզիայում։ Իսկ Հայրենական պատերազմի առաջին օրերից իր հրամանատարության տակ գտնվող հրաձգային գնդի հետ հայտնվեց կիզակետում։

Սա խորհրդային առաջին գնդերից էր, որ Բելառուսում ստանձնեց 1941 թվականի հունիսի 22-ի հարվածը։ Նա պաշտպանեց գետի վրա գտնվող 3 կամուրջներն այնքան ժամանակ, քանի դեռ բավարարեցին ուժերն ու մարդիկ, և քանի դեռ երկու վիրավորումները չստիպեցին Բաբայանին և միավորման մյուս անդամներին մի կողմ քաշվել դիրքերից, բայց ոչ մարտից։

Ժուկովի նվիրած կոնյակը մարշալ Բաղրամյանի թոռները պահում են արդեն կես դար

Մինչև վերջ վերքերը չբուժելով` 1941 թվականի դեկտեմբերի վերջին Բաբայանը կրկին թեժ մարտերի վայրում հայտնվեց. նոր տարվանից առաջ Հարավարևմտյան ճակատը` մարշալ Տիմոշենկոյի հրամանատարությամբ, գերմանական զորքերի համար անսպասելիորեն հարձակվեց Ելց քաղաքի վրա։ Բաբայանը, որն արդեն փոխգնդապետ էր, զբաղվում էր հրաձգային գնդի հրամանատարությամբ, ռազմական վարպետություն և խիզախություն ցուցաբերեց փողոցային մարտերի ժամանակ։ Իր ստացած Կարմիր դրոշի երեք շքանշանից մեկն ու հինգ վիրավորումն այդ օրերի պարգևը դարձան։

1942 թվականի կեսերն ու գարնան վերջը Բաբայանն անցկացրեց Ղրիմում` Կերչի համար թեժ մարտերում, որտեղ նա զբաղվում էր 390-րդ հայկական դիվիզիայի հրամանատարությամբ. այդ դիվիզիայի անձնակազմից քչերը ողջ մնացին։ Հրամանատար Բաբայանի անկրկնելի գործողություններն այս անգամ ևս աննկատ չմնացին, և նրան ուղարկեցին Գլխավոր շտաբի Ռազմական ակադեմիային կից դասընթացների մասնակցելու։

Դասընթացները Բաբայանին օգնեցին փոքր-ինչ բուժել վերքերը, որոնց հաշիվն արդեն կորցրել էր. բայց չէ՞ որ դա հանգստավայր չէր, ստիպված էր «որակավորումը բարձրացնել» մի միջավայրում, որը մոտ էր մարտականին։ Հետո եկավ արյունալի 1944 թվականը, և որքան էլ պատերազմի հանգուցալուծումը պարզ էր, միևնույն է` դեռ շատ արյուն պիտի թափվեր։

1945 թվականի հուլիսի 15-ին Հմայակ Բաբայանը գեներալ-մայոր դարձավ ու ստանձնեց Բելառուսական ճակատի 35-րդ բրիգադի հրամանատարությունը, մեկնեց ազատագրելու Լեհաստանը։ Այդ բրիգադով նա հասավ մինչև Օդեր, գետը պետք էր կռվով անցնել Կյուստրինի պլացդարմի շրջանում։ Այն գտնվում էր Բեռլինի հյուսիս-արևելքում. խորհրդային զորքերը դուրս էին գալիս Գերմանիայի մայրաքաղաքը գրոհելու։

Փեշեշգյանցի հիշողությունները. հայ քահանաները փրկել են հրեաներին` նրանց հայ դարձնելով

Պատերազմը հաղթած չի համարվում, քանի դեռ քո դրոշը չի ծածանվում հակառակորդի պարտված մայրաքաղաքի վրա. սա աքսիոմ է։ Գերմանացիները Բեռլինն այնպես էին պաշտպանում, ինչպես երբեք. ռազմական պատմաբանները վաղուց են տվել իրենց գնահատականը Եվրոպական ճակատում Համաշխարհային երկրորդ պատերազմի այս եզրափակիչ գործողության բարդության աստիճանի վերաբերյալ։

Ապրիլի 15-ի, լույս 16-ի գիշերը Բաբայանը բրիգադի հետ անցավ Օդերը և հաստատակամ մարտերով առաջ շարժվեց դեպի Բեռլին։ Ապրիլի 21-ին գրավեցին Լինդենբերգի հյուսիսարևելյան արվարձանն ու բրիգադը և ուղղություն վերցրին դեպի հարավ` Վայսենզեե. սա արդեն ոչ թե արվարձան էր, այլ Բեռլինի շրջան։

Վայսենզեեն գտնվում էր Մալխովի պաշտպանության տակ, այնտեղից կրակում էին, և այն պետք էր շրջանցել։ Գեներալ-մայորը բրիգադին մարտի տարավ առաջնորդող տանկում նստած. տասնյակ վիրավորումները մահվան նկատմամբ ատելություն կամ էլ սեփական անխոցելիության վստահություն էին ծնել։

Գերմանիայի կապիտուլյացիայից երկու շաբաթ առաջ Մալխովի կողմից կրակահերթերը բառացիորեն ոչնչացրին Բաբայանի տանկը 1945 թվականի ապրիլի 21-ին Բեռլինում։ 1945 թվականի մայիսի 31-ին գեներալ-մայոր Հմայակ Բաբայանը Խորհրդային Միության Հերոս դարձավ։