Երևանի կենտրոնում թողեց մեքենան ու հեռացավ. ինչպե՞ս ոստիկանությունը լուծեց այդ հարցը

Ցուցարարներից մեկը մեքենան թողեց Թումանյան–Մաշտոց խաչմերուկում։ Վարորդը հեռացավ` բանալին հետը տանելով, իսկ ուղևորները մնացին ավտոմեքենայում։ Ոստիկանությունը երկար ժամանակ չէր կարողանում որոշել անելիքը, հետո ավտոմեքենան դուրս բերեցին երթևեկելի մասից։
Sputnik

Արդեն մի քանի օր է` «Իմ քայլը» շարժման համախոհները արգելափակում են ճանապարհները ավտոմեքենաներով։ Վարորդներից շատերը փակում են խաչմերուկները, մյուսներն իրենց ավտոմեքենաները թողնում են երթևեկելի հատվածում և դուրս գալիս։

Ապրիլի 17-ին Ազգային ժողովում անցկացված քվեարկության ժամանակ ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և բողոքում են այս ընտրության դեմ։

Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։ Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։ Փաշինյանը հայտարարել է, որ թավշյա հեղափոխություն է իրականացնում։