Դատախազությունը հաստատեց` գիշերը մարդիկ են ձերբակալվել

Ձերբակալվել են Երևանի փողոցներում ավտոմեքենաների ձայնային ազդանշաններով ավտոերթի մասնակիցները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Ապրիլի 20-21-ի գիշերը Երևանում ձերբակալել են բողոքի ակցիաների 3 մասնակցի։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` հավելելով, որ նրանք մասնակցել են ապրիլի 20-ին, ժամը 10-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 01:30-ը Երևան քաղաքում կազմակերպված ապօրինի հավաքին։

«60 ավտոմեքենաներով, դիտավորությամբ երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներով, տևական ժամանակ անընդմեջ ավտոմեքենաների համապատասխան սարքավորումներով և ձայնային ազդանշանների միջոցներով բարձր ձայներ արձակելով լուրջ անհանգստություն են պատճառել Երևան քաղաքի բազմաթիվ բնակիչների՝ նաև գիշերային ժամերին խախտելով նրանց անդորրը, վերջիններիս համար ձևավորելով վախի և տագնապի մթնոլորտ»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ։

Փաշինյանը փոխում է մարտավարությունը. հավաքն ավարտվեց, սկսվեց նորը

ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Դատախազությունը նշում է, որ քննչական մարմինը միջոցներ է ձեռնարկում ակցիաների մյուս մասնակիցներին հայտնաբերելու։

Այսօր «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Նոր Նորքում մեկնարկած հավաքում հայտարարել էր, որ անցնող գիշերն իրենց համախոհներից շատերին բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ, ջարդել ու վնասել են նրանց ավտոմեքենաները և տեղափոխել տուգանային հրապարակ։