Ոստիկանությունը նախազգուշացնում է` ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կկիրառվեն

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում նախազգուշացնում է` ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ է կիրառելու ցուցարարների նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Ապրիլի 19-ից Երևանի վարչական շրջաններում անցկացվող հավաքներն օրինական չեն։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը` նշելով, որ դրանց կազմակերպիչները օրենքով սահմանված կարգով չի իրազեկել լիազոր մարմնին:

Լարված իրավիճակ Նոր Նորքում. ոստիկանի ինքնազգացողությունը վատացել է

«Իրավասու մարմիններին պատշաճ կերպով տեղեկություններ չեն տրամադրել հավաքի վայրի, մասնակիցների սպասվող թվի, հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաների կամ տեխնիկական միջոցների, կարգադրիչների նախատեսվող թվի, իսկ երթի դեպքում՝ երթի ուղու և ժամանակացույցի վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։

Ոստիկանությունը նշում է նաև, որ երթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հորդորել է հավաքի մասնակիցներին շրջափակել քաղաքի փողոցները, արգելափակել պետական մարմինների շենքերի մուտքերը, ներխուժել նշված, այդ թվում՝ հատուկ պահպանության ենթակա շենքերի տարածքներ, կազմալուծել դրանց աշխատանքը:

«Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքների ընթացքում կատարվել են ինչպես վարչական իրավախախտման, այնպես էլ հանցագործության ակնհայտ հատկանիշներ պարունակող բազմաթիվ գործողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ այլևս չի հանդուրժելու անօրինական հավաքի կազմակերպիչների և նրանց կողմից ուղղորդվող անձանց ոչ իրավաչափ վարքագիծը: Ցանկացած ապօրինի գործողություն անհապաղ կանխվելու կամ խափանվելու է, այդ թվում՝ ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների գործադրմամբ: