ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ քննարկել է Հայաստանում կատարվող իրադարձությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ներկայացնելով առկա իրադրությունը`Նալբանդյանը նշել է. «Իրավապահների գործողություններն այս օրերին ոչ թե զուտ համարժեք են եղել, այլև շատ դեպքերում` նաև առավել քան զսպված»։
Նալբանդյանն ասել է, որ ցույցերի ու երթերի կազմակերպիչներն իրականացրել են բազմաթիվ իրավախախտումներ, ինչը հանգեցրել է անարխիկ դրսևորումների՝ վտանգելով հասարակական կարգը, քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները։ Նրա խոսքով` խոչընդոտվել է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, փորձեր են արել ներխուժելու կրթօջախներ, պետական հիմնարկներ ու այլ հաստատություններ, խաթարելու նրանց բնականոն աշխատանքը, վնասվել է հանրային ու մասնավոր գույքը։
Դիվանագիտական մի քանի ներկայացուցչությունների ղեկավարներ ընդգծել են, թե համակարծիք են նախարարի հետ՝ հավաքների ազատությունը պատշաճ կերպով ապահովելու ուղղությամբ իշխանությունների կատարած քայլերի և իրավապահների ցուցաբերած արհեստավարժ ու համաչափ գործողությունների վերաբերյալ՝ ընդգծելով հավաքների խաղաղ բնույթը պահպանելու և քաղաքական երկխոսության կարևորությունը։