Բերման են ենթարկել Դավիթ Սանասարյանին ու 36 ակտիվիստի

Ոստիկանության բաժանմունքներ բերման են ենթարկվել տասնյակ ակտիվիստներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Այսօր առավոտյան ոստիկանությունը Երևանի կենտրոնից՝ Հանրապետության հրապարակից բերման է ենթարկել «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին և մի քանի այլ ակտիվիստի:

Ո՞ր փողոցն է հաջորդը. ցուցարարները փակում են Երևանի կարևոր նշանակության փողոցները

Ընդդիմության հայտարարած այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:

Նա նաև հայտնեց, որ Սանասարյանը բերման է ենթարկվել և այս պահին էլ գտնվում է Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում: Այսօր, ժամը 10:30-ի դրությամբ Երևանի տարբեր ոստիկանության բաժիններ en բերման ենթարկվել հավաքների մասնակից 37 քաղաքացի:

Նշենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում անցկացված քվեարկության արդյունքում ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան ու նրա կողմնակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և բողոքում են այս ընտրության դեմ։

Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։

Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։ Փաշինյանը հայտարարել է, որ թավշյա հեղափոխություն է իրականացնում։