«Սինոփսիսը» մեկնաբանել է բողոքի ակցիաներին միացած աշխատակիցների քայլը

«Սինոփսիս Արմենիա» ընկերության աշխատակիցները միացել են Երևանում անցկացվող բողոքի ակցիաներին։ Ընկերությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է իր աշխատակիցների դիրքորոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. «Սինոփսիս Արմենիան» հարգում է իր աշխատակիցների իրավունքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով ընկերության աշխատակիցների` բողոքի ակցիաներին միանալու մասին տեղեկություններին, ասաց ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Մարկոսյանը։

«Մենք հարգում ենք մեր աշխատակիցների` քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու իրավունքը, բայց նրանք ընկերության անունից հանդես չեն գալիս»,-ասաց նա։

Այս պահին ընկերության աշխատակիցները մի խումբ ցուցարարների հետ փակել են ընկերության գրասենյակին կից Արշակունյաց պողոտայի երթևեկելի հատվածը։

Ի՞նչ են անում ցուցարարները Երևանում և մարզերում. օր 5-րդ. տեքստային ուղիղ հեռարձակում

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Սերգեյ Ղահրամանյանը, որը նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության աշխատակից է, լրագրողների հարցին ի պատասխան հայտնեց, որ իրենք դուրս են եկել փողոց, որպեսզի ապահովեն քաղաքացիների անվտանգությունը։ «Դուրս ենք եկել, որ բռնություն չլինի»,- ասաց նա` չհստակեցնելով` միացել են ակցիաներին, թե ոչ։

«Սինոփսիս» ընկերությունը Հայաստանի ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերություններից է, Հայաստանում գործունեությունը սկսել է 2004 թ.-ից։

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ն զբաղվում է գիտահետազոտական և ճարտարագիտական աշխատանքներով՝ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, արտադրության համար նախագծման և կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում:

Ընկերությունն այսօր 700 աշխատակից ունի։