Ադրբեջանական հաքերները հարձակվել են Հայաստանի պետական մարմինների կայքերի վրա

ՀՀ պետական մարմինների էլեկտրոնային հասցեներին Նիդեռլանդներից ադրբեջանական նամակներ են ստացվել, որոնցում առկա վնասաբեր ծրագրերը համակարգիչներում պահվող տեղեկատվությունը փոխանցել են Ավստրալիա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ կանխել է կիբեռհարձակում Հայաստանի պետական կառավարման մարմինների համակարգչային ցանցերի նկատմամբ։

Հայաստանը համաշխարհային կիբեռպատերազմում պաշտպանվողի դերում է

«Պետական կառավարման տարբեր մարմինների էլեկտրոնային փոստերին Նիդեռլանդների Թագավորությունում գրանցված IP-հասցեից ադրբեջանական կոնտակտային տվյալներով ուղարկվել են վնասաբեր ծրագրեր պարունակող էլեկտրոնային նամակներ, որոնք հնարավորություն են տալիս համակարգչային ցանցերում պահվող տեղեկատվությունը գաղտնի պատճենահանելու և Ավստրալիայում գրանցված IP-հասցեի սերվերին փոխանցելու»,– ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել ծրագրերն ու կանխել տեղեկատվության արտահոսքը։