ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Ոստիկանությունը նոր հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ապօրինի հավաքների որոշ մասնակիցների կողմից մայրաքաղաքում շարունակվող հակաօրինական գործողությունները տարատեսակ և գնալով առավել վտանգավոր բնույթ կրող դրսևորումներ են ստանում:
«Ահազանգեր են ստացվում, այդ թվում նաև զանգվածային լրատվության միջոցներից, Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիների կողմից միմյանց նկատմամբ բռնություն գործադրելու, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու, նրանց իրավաչափ գործողություններին խոչընդոտելու վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ:
Այս դրսևորումներն ակնհայտորեն վկայում են, որ ապօրինի հավաքների կազմակերպիչների կողմից քաղաքացիներին և երթևեկության մասնակիցներին ուղղված հակաիրավական գործողություններ կատարելու կոչերը հանգեցրել են ներհասարակական լարվածության խորացման, ապօրինի հավաքին մասնակցող քաղաքացիների կողմից ոստիկանների նկատմամբ անհանդուրժողկանության մթնոլորտի ստեղծման:
Ըստ հայտարարության` նման իրավիճակը սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կյանքի և առողջության համար, վտանգում հասարակական անվտանգությունը:
Ոստիկանությունը հերթական անգամ հիշեցնում է, որ վերոնշյալի անցանկալի բոլոր հետևանքների պատասխանատվությունը կրում են անօրինական հավաքների կազմակերպիչները, ուստի նրանց կոչ են անում անսալ ՀՀ ոստիկանության հորդորներին և դադարեցնել հակաիրավական գործողությունները: