Մանիպուլյացիայի գաղտնիքը. ի՞նչ են մեզ մատուցում Facebook–ն ու Google–ը. փորձագետի կարծիք

Կարո՞ղ են արդյոք Facebook–ի ու Google–ի ալգորիթմները կառավարել տեղեկատվությունը։ Փորձագետն ու հարցման մասնակիցները պատասխանում են այդ բավականին բարդ հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Facebook-ի ու Google-ի ալգորիթմները ստեղծված չեն տեղատվությունն ինչ-որ մեկի քաղաքական շահերի օգտին ուղղորդելու համար։

Սակայն տեսականորեն դա ավելի հավանական է, քան գործնականորեն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը` մեկնաբանելով Sputnik News-ի համար անցկացված հարցումը, որն իրականացրել է Ֆրանսիայում հասարակական հարցումներով զբաղվող ամենահին ընկերությունը։

«Պարզվել է, որ Facebook-ն օգտատերերի վրա փորձեր է անցկացրել` աշխատանքի ալգորիթմը, մարդկանց վրա ազդեցությունը պարզելու նպատակով։ Facebook-ի ալգորիթմի իմաստը օգտատերերին պահելն է», — ասաց Մարտիրոսյանը։

Google–ն ու Facebook–ը մանիպուլացնում են տեղեկույթը. կարծում են ԱՄՆ–ում և Եվրոպայում

Նրա խոսքով` Facebook-ն ինքն է ընտրում` ինչ տեսնի մարդը։ Նույն ալգորիթմն օգտագործում է Google որոնողական համակարգը։ Յանդեքս.Լուրերի ալգորիթմը նույնպես որոշում է` ինչ լուրեր է պետք տեղադրել ամենաընթերցվածների շարքում։

Փորձագետը պարզաբանում է, որ այդ ամենը ավտոմատացված համակարգներն են ընտրում, ու այստեղ դժվար է խոսել քաղաքական մանիպուլյացիաների մասին։

«Facebook-ի դեպքում դժվար է խոսել անաչառության մասին, քանի որ այդ հարթակում ոչ բոլորը հավասար իրավունքներ ունեն։ Ով ավելի շատ գումար ունի, նա (գովազդի միջոցով) իր նյութերը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ ունի», — պարզաբանեց Մարտիրոսյանը։

Նա կարծում է, որ դա մարդուն խանգարում է ճիշտ ընկալել աշխարհը։ Թե ինչ պետք է տեսնի ու կարդա մարդը, Facebook-ը որոշում է ըստ այդ մարդու և նրա ընկերների համացանցային գործողությունների։

Sputnik News-ի հարցումն անցկացվել է 2018 թվականի մարտի 22-ից 27-ը Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում։ Հարցմանը մասնակցել են 18 տարեկանից բարձր 5 029 մարդ։

Մասնակիցները պատասխանել են հետևյալ հարցին` արդյո՞ք Google-ն ու Facebook-ն ընտրողական տեղեկատվություն են ներկայացնո՞ւմ` ելնելով ինչ-որ մեկի քաղաքական շահերից, թե այդ ընկերությունների տեղեկությունն անաչառ է։

Google–ն ու Facebook–ն ընտրողական տեղեկատվություն են ներկայացնո՞ւմ` ելնելով ինչ–որ մեկի քաղաքական շահերից։

Գերմանացիների (68%), իտալացիների (60%), ամերիկացիների (60%), ֆրանսիացիների (57%) ու բրիտանացիների (54%) մեծ մասը կարծում են, որ Google-ն ու Facebook-ը ալգորիթմների օգնությամբ մանիպուլացնում են «պատկերը»։

Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում երիտասարդներն ավելի շատ են հակված մտածելու, որ Google-ն ու Facebook-ն ուղղորդում են տեղեկատվությունը. Ֆրանսիայում այդպիսի կարծիք են հայտնել մինչև 35 տարեկանների (հատկապես առանձնացել են 18-24 տարեկանները) 62%-ը, ԱՄՆ-ում` 71%-ը։

Իտալիայում ու Մեծ Բրիտանիայում հակառակ իրավիճակն է։ Ալգորիթմները քաղաքական նպատակներով օգտագործելու հարցում համոզվածների մեծ մասն ավագ սերնդի ներկայացուցիչներն են։ Իտալիայում այդպես են կարծում 35-ից բարձր տարիքային խմբի ներկայացուցիչների 62%-ը և մինչև 35 տարեկան տարիքային խմբի 53%-ը։ Մեծ Բրիտանիայում 25 տարեկանից բարձր տարիքային խմբում մարդկանց 56% են այդպես կարծում, իսկ 18-24 տարեկանների 43%-ը։

Բոլոր երկրներում համացանցային ընկերությունների մանիպուլյացիաները հավանական են համարում հիմնականում բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ։ Ֆրանսիայում բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց 71%-ն է մանիպուլյացիաներին հավատում, մասնագիտություն չունեցողների 44%-ը, և բակալավրիատն ավարտածների 56%-ը։ Գերմանիայում այդպես են կարծում բարձրագույն կրթություն ստացածների 76%-ը, միջնակարգ կրթություն ունեցողների 66%-ն ու տարրական կրթություն ունեցող մարդկանց 57%-ը, Մեծ Բրիտանիայում 69%-ն` ընդդեմ 49% և 39%-ի, ԱՄՆ-ում` 74%-ն ընդդեմ 51% և 53%-ի։