Ցուցարարները հասան Բաղրամյան 26. Ոստիկանության զորքը պատնեշել է վարչապետի նստավայրը

Երթի մասնակիցները ծափերով ու բարի ծառայություն մաղթելով ողջունեցին ոստիկաններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Հանրապետության հրապարակից մինչև Բաղրամյան պողոտա ընդդիմության երթի մասնակիցներն անցան առանց խոչընդոտների։ Ճանապարհին ոստիկանները կենտրոնացած էին միայն Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում և Բաղրամյան 26-ում՝ ներկայիս վարչապետի նստավայրում։

Բերման ենթարկվածների մասին վերջին պաշտոնական տվյալները. թիվն ավելացել է

Ոստիկանության մահակներով զինված, վահաններով ու սաղավարտներով ծառայողները երթի մասնակիցներին դիմավորեցին վահանների նախազգուշական հարվածներով։ Ոստիկանության զորքը պատնեշել է վարչապետի նստավայրի մուտքն ու Բաղրամյան փողոցի շարունակությունը՝ դեպի Պռոշյան խաչմերուկ։

Երթի մասնակիցները ծափերով ու բարի ծառայություն մաղթելով ողջունեցին ոստիկաններին։ Բաղրամյան փողոցում էին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության զորքերի հրամանտար Լևոն Երանոսյանը։

Տեսնելով, որ Բաղրամյանը շրջափակված է՝ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ցուցարարներին վերադառնալ Հանրապետության հրապարակ։