Ինչպես են ոստիկանները բերման ենթարկում Երևանի փողոցներ դուրս եկած մարդկանց. տեսանյութ

Կանանցից մեկը բղավում է, որ ինքը պատահական անցորդ է, բայց ոստիկանները, միևնույն է, նրան նույնպես փորձում են նստեցնել ավտոմեքենան։
Sputnik

Ապրիլի 18-ի, ժամը 14։00-ի դրությամբ Երևանի ոստիկանության բաժանմունքներում 72 բերման ենթարկված քաղաքացի կա։ ՀՀ Քրեադատավարական օրենսգրքի համաձայն` բերման ենթարկված անձին ոստիկանությունն իրավունք ունի պահել առավելագույնը 3 ժամ։ Դրանից հետո նրան կա՛մ պետք է ազատ արձակեն, կա՛մ ձերբակալման որոշում կայացնեն։

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը երեկ` ապրիլի 17-ին, վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։ Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։

Նշենք, որ երեկ «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին հորդորեց գնալ տուն և գիշերը չմնալ փողոցում։ Նա նշեց, որ «թավշյա հեղափոխություն է» սկսում և հորդորեց հատուկ կոմիտեներ ստեղծել բոլոր մարզերում։