Հայկական կոնյակ` բրազիլական սուրճով կամ գործարար կապեր`օվկիանոսից այն կողմ

Աշխարհի տարբեր կողմերում գտնվող երկրների` Բրազիլիայի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են դեսպանատան և առևտրային կապերի ամրապնդման միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Առաջին հայ–բրազիլական գործարար հանդիպումն այսօր է կայացել, Երևանում։ Ինչպես հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Բրազիլիայի դեսպան Ագեմար դե Մենդոնսա Սանկտոսը, չնայած հեռավորությանը, հանդիպումը կօգնի մերձեցնել երկու երկրների գործարար կապերը։

Բրազիլիայի մայրաքաղաքում բացվել է հայ նկարիչների ցուցահանդեսը

Բրազիլիան հայտնի է որպես սուրճի, շաքարի և նարնջի երկիր, բայց աշխարհում արդեն հայտնի են նաև բրազիլական Embraer ինքնաթիռները, և տեխնիկայի մի շարք այլ արտադրողներ։ Բրազիլիային կարող է հետաքրքրել հայկական ՏՏ ընկերությունների հետ համագործակցությունը։

«Առաջին անգամ Բրազիլիայից ավելի շատ վաճառողներ էին ժամանել, քան գնորդներ, բայց հաջորդ անգամ, անկասկած, Հայաստան կժամանեն հայկական կոնյակի և գինու գնորդներ», – հավելեց Մոսկվայում APEX Brasil արտահանման գործակալության տարածաշրջանային ներկայացուցիչ Ալմիր Ամերիկոն։

Նշենք, որ Հայաստանի և Բրազիլիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 73,4 միլիոն դոլար կամ Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրի 1,1 տոկոսը։

Գրեթե ամբողջությամբ այն բաժին է ընկնում Բրազիլիայից ներկրմանը (հիմնականում դա բոլորին հայտնի հավի և տավարի սառեցված միսն է, ինչպես նաև սուրճը և շաքարը)։