Ոստիկանությունը ձեռնարկելու է միջոցներ պետական մարմինների աշխատանքն ապահովելու համար

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարբեր մարզերում և քաղաքներում իրականացվող լայնամասշտաբ գործողությունների, հեղափոխական իրավիճակի, լարվածության կամ անկայունության վերաբերյալ տարածվող լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են և որևէ աղերս չունեն իրականության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը նոր հայտարարություն է տարածել, որում նշում է, որ Երևանում բողոքի երթեր իրականացնող ցուցարարներն այսօր շրջափակելով կառավարական շենքերը, պետական մարմինները և այլ գերատեսչությունները` խափանել են դրանց բնականոն գործունեությունն ու կազմալուծել աշխատանքը:

«Կեսօրից հետո հավաքի ոչ մեծաթիվ մասնակիցները, առաջնորդվելով Նիկոլ Փաշինյանի կոչերով, շարժվել են դեպի Հանրապետության հրապարակի շրջակայքում տեղակայված շինությունները և նրա ուղղակի ու անմիջական ցուցումներով փոքր խմբերով սկսել են արգելափակել պետական մարմինների, այդ թվում՝ առանձին նախարարությունների, գործադիր իշխանության և իրավապահ մարմինների, ինչպես նաև դատարանների շենքերի մուտքերը:

Ինչպես և ինչու Երևանի փողոցները «նիկոլյան փակուղիների» վերածվեցին

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հորդորել է հավաքի մասնակիցներին՝ առաջին իսկ հնարավորության դեպքում մտնել արգելափակված շենքեր և կաթվածահար անել այնտեղ տեղակայված և իրենց լիազորություններն իրականացնող մարմինների գործունեությունը»,- նշված է հայտարարության մեջ:

ՀՀ ոստիկանությունն արձանագրում է, որ վերոնշյալ գործողությունները դուրս են Սահմանադրությամբ և օրենքով երաշխավորված խաղաղ հավաքներ կազմակերպելու և դրանց մասնակցելու իրավունքի բովանդակությունից: Ավելին, դրանց որոշ դրսևորումներ առերևույթ համընկնում են քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշների հետ:

Ուստի ոստիկանությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում, հատկապես, երբ առկա է հավաքը դադարեցնելու մասին իրազեկված որոշում, առկա են Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված իրավաչափ հիմքերը ոչ միայն հավաքը ցրելու, այլ շարունակվող հանցավոր գործողությունները կասեցնելու և խափանելու համար:

Միաժամանակ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարբեր մարզերում և քաղաքներում իրականացվող լայնամասշտաբ գործողությունների, հեղափոխական իրավիճակի, լարվածության կամ անկայունության վերաբերյալ տարածվող լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են և որևէ աղերս չունեն իրականության հետ։ Այդ հիմքով կոչ է անում հավաքի մասնակիցներին և ԶԼՄ-ներին՝ ձեռնպահ մնալ նման և այլ սադրիչ վարքագիծ դրսևորելուց:

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ ձեռնարկելու է իրավիճակից թելադրվող և իրավաչափ բոլոր միջոցները՝ պետական կառույցների բնականոն գործունեությունն ապահովելու և դրանցում իրենց պարտականությունները կատարող անձանց իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելու համար: