Բակո Սահակյանը շնորհավորել է վարչապետ Սերժ Սարգսյանին

Արցախի Հանրապետության նախագահը շնորհավորել է ՀՀ նորանշանակ վարչապետին` հույս հայտնելով, որ նա կանի հնարավորը Հայաստանի և Արցախի զարգացման ու զորացման համար։
Sputnik

ԵՐՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իր անունից շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

«Մեծարգո՛ Սերժ Ազատի, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Դուք կանեք հնարավորը Մայր Հայաստանի և Արցախի զարգացման ու զորացման, մեր ժողովրդի պաշտպանունակության ամրապնդման, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման, համազգային խնդիրների լուծման ուղղությամբ։

Վստահ եմ, որովհետև Դուք պատկանում եք այն մարդկանց թվին, ովքեր ունեն քաղաքական ու պետական գործչի մեծ փորձ ու գիտելիքներ, մեր երկրի համար բախտորոշ ժամանակահատվածում անմնացորդ ծառայել եք հայոց պետականաշինության, մեր հաղթանակների ու հաջողությունների կերտման գործին»,- նշված է ուղերձում։