ՀՀ նախագահն իր կարծիքն է հայտնել բողոքի ակցիաների վերաբերյալ

Ազգային ժողովի մեծամասնության ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը կարող է հակադրվել՝ իր քվեի միջոցով, կարծում է ՀՀ նախագահը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարևոր է երկրի համար, սակայն ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները և այլոց իրավունքների սահմանափակումը: Այս մասին «Արմենպրեսի» հարցին ի պատասխան տրված բացառիկ մեկնաբանության մեջ ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Ինչպես և ինչու Երևանի փողոցները «նիկոլյան փակուղիների» վերածվեցին

«Ըստ Սահմանադրության` Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածության առաջադրումը խորհրդարանական ուժերի իրավունքն է: Ազգային ժողովի մեծամասնության ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը կարող է հակադրվել՝ իր քվեի միջոցով:

Ցանկացած քաղաքական ուժի կամ քաղաքացու իրավունքն է նաև Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքների շրջանակում՝ լինի դա հավաքի, ցույցի ու այլ խաղաղ միջոցներով, ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը քաղաքական այս կամ այն իրադարձության նկատմամբ:

Ազատ խոսքի և կամարտահայտության իրավունքը ժողովրդավարության կարևորագույն արժեքներից է: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարևոր է երկրի համար:

Միևնույն ժամանակ ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները և այլոց իրավունքների սահմանափակումը:

Մեր երկրի անվտանգությունը և ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն:

Եվ, իհարկե, կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը և կյանքը՝ ուսանողից, ցուցարարից մինչև ոստիկան, թանկ է բոլորիս համար»:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները ապրիլի 13-ից փակել Երևանի Ֆրանսիայի հրապարակը և բողոքի ակցիաներ են անցկացնում քաղաքի կենտրոնական փողոցներում: