Փաշինյանը պառկեց ավտոբուսի դիմաց. քաղաքացիական անհնազանդության ակցիան մեկնարկեց

Նիկոլ Փաշինյանն այսօր առաջինն է իրականացրել իր հայտարարած քաղաքացիական անհնազանդության ակցիան` պառկելով Բաղրամյան պողոտայով անցնող ավտոբուսի դիմաց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Այսօր առավոտյան, ժամը 08։00-ին «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում նստել է փողոցով անցնող ավտոբուսի դիմաց` փակելով Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկը։

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է վաղը Երևանում տրանսպորտային կոլապս ստեղծել

Իր այս քայլը ավտոբուսի բորբոքված ուղևորներին ու վարորդին Փաշինյանը բացատրում է քաղաքացիական անհնազանդության ակցիայով։

Փաշինյանի օրինակին հետևում են նաև ակցիայի մասնակից այլ ակտիվիստներ` դրանով կաթվածահար անելով Բաղրամյան պողոտայի երթևեկությունը։

Նիկոլ Փաշինյանն անհարմարության համար ներողություն է խնդրում համաքաղաքացիներից և հիշեցնում, որ իր նախաձեռնությունն ուղղված է Սերժ Սարգսյանի` վարչապետ ընտրվելու դեմ։

Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում հայտարարել էր, որ այսօր 8։15-ից քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են մեկնարկելու։ Մասնավորապես` ակտիվիստները փակելու են տրանսպորտի ճանապարհը, երևանյանի խոշոր կամուրջների վրա ավտոմեքենաները կանգնեցնելով` փակելու են երթևեկության ուղին։ Փաշինյանը կոչ է արել մետրոյի կայարաններում պառկել գնացքի վագոնների դռների միջև` արգելափակելով նաև մետրոյի աշխատանքը։

ՀՀԿ–ն հաստատեց. Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես կառաջադրվի երկու օրից