Երևանի կենտրոնական փողոցները փակեցին. ցուցարարները վճռական են տրամադրված. լուսանկարներ

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասնակիցները փակել են Երևանի կենտրոնի մի քանի փողոցներ ու բարիկադներ կառուցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Բաղրամյան պողոտայում, Սահմանադրական դատարանի մոտ ոստիկաններն արգելապատնեշներ են տեղադրել` փակելով փողոցը և ցուցարարներին թույլ չտալով բարձրանալ Բաղրամյանով դեպի վեր։

Մինչ այդ, սակայն, «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանը, Բաղրամյան պողոտայով վազելով, փորձում էր հասնել ավելի վերին հատվածներին` ակցիայի մասնակիցներին կոչ անելով հետևել իրեն։

1 / 2
Երևանի կենտրոնական փողոցները
2 / 2
Երևանի կենտրոնական փողոցները

Այսօր առավոտից Աբովյան փողոցում հավաքված ուսանողները, մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից հատվածում, նստելով փողոցի երթևեկելի հատվածում, փակել են տրանսպորտի ճանապարհը։

Ուղիղ կապով դիմելով Աբովյան փողոցում գտնվող ուսանողներին` Փաշինյանն ասաց. «Ապրեք երեխեք, դուք արեցիք այն, ինչ պետք է անեիք»։

Այս պահին ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան, Մոսկովյան և Աբովյան փողոցները։

Ցուցարարները փակված փողոցներում նաև բարիկադներ են կառուցել` երթևեկելի հատվածները պատնեշելով փողոցում տեղադրված նստարաններով ու աղբամաններով։

Ակցիայի մասնակիցները փողոցում քաղաքացիներին կոչ են անում հրաժարվել դասի ու աշխատանքի գնալու մտքից և միանալ իրենց։

Հիշեցնենք` քաղաքացիական անհնազանդության ակցիաները նախաձեռնել են «Իմ քայլը» նախաձեռնության կազմակերպիչները, որոնց նպատակն է խափանել Սերժ Սարգսյանի` վաղը նախանշված ընտրությունը ՀՀ վարչապետի պաշտոնում։

Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում հայտարարել էր, որ այսօր 8։15-ից քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են մեկնարկելու։ Մասնավորապես` ակտիվիստները փակելու են տրանսպորտի ճանապարհը, երևանյանի խոշոր կամուրջների վրա ավտոմեքենաները կանգնեցնելով` փակելու են երթևեկության ուղին։ Փաշինյանը կոչ է արել մետրոյի կայարաններում պառկել գնացքի վագոնների դռների միջև` արգելափակելով նաև մետրոյի աշխատանքը։