Դուրս գալով օրենքի շրջանակներից` դու զենք ես տալիս իշխանություններին. Ռուստամյան

Ռուստամյանի կարծիքով` նոր Սահմանադրությամբ քաղաքացիական հասարակությունը լուրջ գործիքներ ունի իր ուզածին հասնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովում ընթանում է «Հայաստանի հանրապետական կուսակցություն» ՀՅԴ խմբակցությունների համատեղ նիստը։ Այն դռնփակ է։

Նիստում վարչապետի պաշտոնում առաջադրվեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Հաց ու բրդուճ ցուցարարներին. Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց քաղաքացիներին

Մինչ նիստը լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս են նիստին շտապող ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորները հասել ԱԺ։ Փոխարենը նրանք զարմացան` շատ նորմալ, իսկ ի՞նչ է պատահել։

Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ընդդիմությանը կոչ արեց օրենքի շրջանակներից դուրս չգալ։ «Դուրս գալով օրենքի շրջանակներից` դու զենք ես տալիս իշխանություններին։ Նրանք արդեն որոշ առումով դուրս են եկել։ Ճիշտ եմ համարում նաև իշխանությունների զուսպ արձագանքը, որի շնորհիվ այս ամենը չի վերածվում քրեական հետապնդումների։ Բայց դրանից պետք չի ոգևորվել ու, Աստված մի արասցե, արյունահեղության տանել, որը ոչ մեկ ոչ մեկին չի ների»,–ասաց Ռուստամյանը և հավելեց, որ նոր Սահմանադրությամբ քաղաքացիական հասարակությունը լուրջ գործիքներ ունի իր ուզածին հասնելու։ Իսկ ընդդիմությունն այսօր  կիրառում է հին ձևերը` ճամփա փակել, անկարգություններ անել, որով խոցելի են դարձնում իրենց։