Հաց ու բրդուճ ցուցարարներին. Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց քաղաքացիներին

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ է անում կերակրել ցուցարարներին` ով ինչով կարող է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Երևանի փողոցներ դուրս եկած ցուցարարները` ԱԺ «ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անցնելով Խանջյան, Պարոնյան փողոցներով, միացան Հաղթանակի կամրջի երթևեկությունն արգելափակած ցուցարարների խմբին։

Ի՞նչ է կատարվում Երևանում. բողոքի ակցիայի մանրամասները` տեքստային ուղիղ հեռարձակմամբ

Մինչ այդ Հաղթանակի կամրջի վրա և Օրբելի փողոցում ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները փորձում էին դուրս բերել գետնին նստած քաղաքացիներին` ազատելով երթևեկելի հատվածն ու բացելով երթևեկությունը

Փաշինյանը կոչ արեց ցուցարարներին գնալ Հաղթանակի կամուրջ և Օրբելի փողոց, միանալ այնտեղ կենտրոնացած խմբերին, քանի որ նրանց ուժերն ու թվաքանակը բավարար չեն փողոցը փակ պահելու համար։

Ակցիայի ղեկավարը միաժամանակ հայտարարեց նաև, որ ցուցարարներն արդեն ծարավ ու քաղցած են և կոչ արեց քաղաքացիներին ջուր ու բրդուճներ հասցնել նրանց, օգնել ով ինչով կարող է։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 8։00-ից «Իմ քայլը» նախաձեռնության անդամներն ու անհնազանդության ակցիաներին միացած քաղաքացիները փակել են Երևանի կենտրոնական փողոցներն ու երթևեկելի հատվածներում աղբամաններով, նստարաններով ու ակցիայի մասնակիցների ավտոմեքենաներով բարիկադներ են կառուցել։