ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Ադրբեջանը փորձում է յուրացնել հին հայկական գորգագործության մշակույթը։ Այս մասին անցյալ շաբաթ գրել է Asbarez պարբերականը «Գողանալով մշակույթը. Ադրբեջանը հայկական գորգերը յուրացնելու գործողություններ է իրականացնում» վերնագրով հոդվածում։
Հրապարակման մեջ նշվում է, որ Հայկական գորգերի ասոցիացիան (1980 թվականին ԱՄՆ-ում հիմնած կազմակերպություն, որը զբաղվում է գորգագործության հայկական ավանդույթների պահպանմամբ) հայտարարություն էր տարածել, որի համաձայն` Ադրբեջանը գործողություններ է իրականացնում հայկական գորգերը յուրացնելու ուղղությամբ։
«Պաշտոնական Բաքուն մասնավոր անձանց հետ համատեղ սկսել է հովանավորել տեղական և միջազգային կատալոգները, ամսագրերը, ինչպես նաև ցուցահանդեսները, որտեղ Հայաստանի տարբեր շրջանների, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի տեքստիլն ու գորգերն ադրբեջանական են ներկայացված։ Ադրբեջանական գործողություններում ներգրավված են նաև ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ», — գրում է հոդվածի հեղինակը։
Sputnik Արմենիան այս թեմայով զրուցել է արվեստի ու հնաոճ իրերի ոլորտում միջազգային փորձագետ, արտ-դիլեր և Փարիզում Galerie Berdj Achdjian-ի տնօրեն Բերջ Աչջյանի հետ։
Փորձագետի խոսքով` Ադրբեջանի համակարգողներն իրենց կեղծիքները փորձում են համոզել կիսապրոֆեսիոնալ դիլերներին։
«Եվ քանի որ այդ դիլերները շահագրգռված են, որ տեքստիլն ու գորգերը վաճառեն ադրբեջանցի գնորդներին, նրանք իրենց դերը վատ չեն կատարում», — ասաց Աչջյանը։
Նա ցավով նշեց, որ XVIII-XIX դարերում հին հայկական գորգերից շատերը դուրս են բերվել երկրից, սակայն Հայաստանն ավելի մեծ կորուստներ է ունեցել խորհրդային ժամանակաշրջանում։ Այդ նմուշների միայն մի փոքր մասն է մնացել հայրենիքում։
Փորձագետը հիշեցրեց, որ հեղինակավոր Smithsonian-ն (գիտահետազոտական և կրթական ինստիտուտ Վաշինգտոնում) այս տարի ծրագրում է Folklife Festival կազմակերպել, որն ամբողջությամբ նվիրված կլինի Հայաստանի ավանդույթներին և արվեստին։ Սա ադրբեջանցիներին ուղղված պատասխան կլինի։
«Այդ փառատոնում գորգերի պատասխանատուն կլինի Հայկական գորգերի ասոցիացիայի նախագահ Հրաչ Կոզիբեոկյանը։ Փառատոնի կազմակերպիչներն ակնկալում են, որ միջոցառումը մոտ 1 մլն հյուր կունենա», — ասաց նա։
Բացի այդ, Աչջյանը նշեց, որ կատալոգ կհրատարակվի. համաձայնությունն արդեն կա։
«Արվեստի առարկաների, մասնավորապես, գորգերի ու տեքստիլի ադրբեջանական կեղծիքներից ապշած իտալահայը 50 հազար դոլար է հատկացրել իմ հեղինակությամբ գրքի հրատարակման համար», — նշեց նա։
Նա նաև ընդգծեց, որ հայկական տեղեկատվական պատասխանի հիմնական ուժը միջազգային մակարդակի բարձրակարգ մասնագետների ուսումնասիրություններն են։