«Այս ֆիլմով Արարատի մոտ կգամ»․ լեգենդար մայրիկ Կլաուդիա Կարդինալեն նշում է հոբելյանը

Ապրիլի 15-ին աշխարհահռչակ իտալացի դերասանուհին դառնում է 80 տարեկան։ Sputnik Արմենիան որոշ հետաքրքիր փաստեր է ներկայացնում դերասանուհու կյանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն, որը ֆրանսիահայ ռեժիսոր Անրի Վերնոյի  լեգենդար «Մայրիկ» ֆիլմում մոր դերն է կատարել, այսօր դառնում է 80 տարեկան։

Թունիսի ամենագեղեցիկ իտալուհին՝ Կլաուդիա Կարդինալեն (իսկական անունը՝ Կլոդ Ժոզեֆին Ռոզ Կարդինալե) ծնվել է 1938 թվականին։ Առաջին անգամ Կլաուդիան նկարահանվել է  14 տարեկանում, Թունիսի մասին ֆիլմի մի դրվագում։

Մահացել է Վիտորիո Տավիանին` «Արտույտների ագարակը» ֆիլմի ռեժիսորներից մեկը

1957 թվականին Կարդինալեն ճանաչվել է Թունիսի ամենագեղեցիկ իտալուհին, իսկ որպես նվեր Վենետիկի կինոփառատոնի հրավեր է ստացել։ Այնտեղ աղջկան նկատել է երիտասարդ պրոդյուսեր Ֆրանկո Կրիստալդին, որի հետ նա ամուսնացել է 1966 թվականին։ Սակայն 1975 թվականին նրանք ամուսնալուծվել են։

Կարդինալեն նկարահանվել է իտալացի այնպիսի հայտնի ռեժիսորներին ֆիլմերում, ինչպիսին են Լուկիոն Վիսկոնտին ու Ֆեդերիկոն Ֆելինին։ Նա նկարահանվել է այնպիսի կինոաստղերի հետ, ինչպիսինն են՝ Ալեն Դելոնը, Մարչելո Մաստրոյանին և այլն։

1991 թվականին ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյից (Աշոտ Մալաքյան) նա հրավեր է ստանում Հայոց ցեղասպանության մասին «Մայրիկ»  ֆիլմում գլխավոր դեր կատարելու։ Կլաուդիայի գործընկերը դառնում է եգիպտացի դերասան Օմար Շարիֆը։

2010 թվականին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում Կարդինալեն Հայաստան է եկել։ Փառատոնը նվիրված էր Ցեղասպանության 95-րդ տարելիցին ու Վերնոյի 90-ամյակին։

Մալաքյանը հաղթեց Վերնոյին

Հայ լրագրողների հետ զրույցում Կլաուդիան խոստովանել է, որ «Մայրիկ» ֆիլմում նկարահանվելուց հետո երազում էր Հայաստան գալ։

«Հայոց ցեղասպանության մասին գիտեի դեռ մինչև «Մայրիկ» ֆիլմում աշխատանքը սկսելը։ Սակայն նկարահանումներին պատրաստվելիս, ընթերցելով` փորձեցի ավելի շատ բան իմանալ հայ ժողովրդի այդ սարսափելի ողբերգության մասին»,  —խոստովանել է  Կարդինալեն։

Դերը կերտելիս` նա զգացել է կոտորածի սարսափները, գաղթի ու օտար հողում ապրելու բարդությունները տեսած հայուհու ապրումները։

«Հուսով էի, որ մի օր այս ֆիլմով Արարատի մոտ կգամ», — նշել է Կարդինալեն։

Իր մասին դերասանուհին ասել է, որ 100 կյանք է ունեցել, այսինքն՝ այնքան, որքան կերպար է նրան հաջողվել է մարմնավորել էկրանին։