Հայկական բրենդին ֆրանսիականից ու իսպանականից ավելի հին է․ Forbes

Կոնյակ ստանալու համար գինու զտման տեխնոլոգիան Հայաստանում գոյություն ունի XII դարից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հայկական կոնյակը, հնարավոր է, ֆրանսիականից ու իսպանականից շուտ է հայտնվել։ Այս մասին գրում է ամերիկացի ճանապարհորդ ու գինիների փորձագետ Ջոզեֆ Միկալևֆը «Բացահայտելով հայկական կոնյակի աշխարհը» հոդվածի մեջ Forbes-ի էջերին։

«Հայերը XII դարից գինուց բրենդի են պատրաստում։ Այս մասին շատ բան հայտնի չէ։ Որոշ տվյալների համաձայն՝ զտումն այն ժամանակ տարածում ուներ Լիբանանում, Իրանում, ու հնարավոր է, այնտեղից տեխնոլոգիաները Հայաստան են հասել», — գրում է Մակալևֆը։

Կոնյակը հայերեն է խոսում, կամ ինչպես է Մարգար Սեդրակյանին հաջողվում գրավել Չերչիլի սիրտը

Եթե այդ ամենն իսկապես ճիշտ է, ապա Հայաստանում բրենդիի արտադրությունը շատ ավելի վաղ է եղել, քան ֆրանսիացիների ու իսպանացիների մոտ։

Հեղինակն ընդգծում է, որ XIX դարի վերջից հայերը բրենդիի մեծածավալ արտադրություն են սկսել։ Ռուսաստան hայկական կոնյակի պաշտոնական մատակարարողը եղել է Երևանի գործարանը հիմնած Նիկոլայ Շուստովը։

Խորհրդային տարիներին, որտեղ էլ հիշատակվեր կոնյակը, այն միանգամից Հայաստանի հետ էր ասոցացվում։ Այդպես էր նաև XX դարի սկզբին Ռուսական կայսրության քաղաքներում, երբ որակյալ կոնյակ ասելիս հասկանում էին «Նիկոլայ Շուստով ու որդիները» ընկերության երևանյան կոնյակը։

Երևանում ու ընդհանրապես ամբողջ Անդրկովկասում կոնյակի գործարանի հիմնողն առաջին գիլդիայի վաճառական, գործարար ու բարերար Ներսես Թաիրյանն էր։ Ուղիղ 130 տարի առաջ նա առաջին անգամ Երևանում իր գործարանում ներդրել է սպիրտի զտման դասական ֆրանսիական տեխնոլոգիան։

Խոսում է Աստանան. Ղազախստանում խենթանում են հայկական կոնյակի ու խորովածի համար

«Փարիզում 1900 թվականի համաշխարհային ցուցահանդես-էքապոյին հայկական բրենդին, կամ ինչպես այն Հայաստանում են անվանում՝ կոնյակը, կույր դատավարությամբ լավագույնն է ճանաչվել», — գրում է Միկալևֆը։

Cognac առաջատար արտադրողի կողմից որպես մրցանակ Շուստովի ընկերությունը իրավունք է ստացել արտադրվող բրենդին «կոնյակ» անվանել։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ իրավունքը չեղարկվել է։

Միկալևֆն ընդգծում է նաև, որ հայկական կոնյակի գլխավոր առանձնահատկությունը խաղողի տեղական տեսակներն են, նաև հնուց եկած հատուկ տեխնոլոգիաները, որոնք մինչ այժմ օգտագործվում են աշխարհահռչակ ալկոհոլային ըմպելիքի արտադրության մեջ։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2017 թվականին Հայաստանում կոնյակի արտադրությունն աճել է 39,4%-ով` 2016 թվականի համեմատ։ Նախորդ տարի արտադրվել է 30 միլիոն լիտր կոնյակ` 2016 տարվա 21,5 լիտրի փոխարեն։